Բաբայանն ու Մելքումովը` Լեհաստանի կրկնակի չեմպիոններ
Այս տարվա դեկտեմբերի 10-ին և 11-ին առաջին անգամ Բուդապեշտում կկայանա ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի (71 կգ և 80 կգ) աշխարհի առաջնությունը: Այդ ստուգատեսի ֆավորիտների թվում են մարտին Ռիգայում ընթացած մեծահասակների հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ. Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակված ախուրյանցի Վարշամ Բորանյանն ու նախկին երևանցի, 2010 թ.-ից Լեհաստանում բնակվող և այդ երկրի մարզական պատիվը պաշտպանող, 80 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Էդգար Բաբայանը:
Վարշամը օրեր առաջ իրեն գերազանց էր դրսևորել ակումբային թիմերի Իրանի առաջնությունում ու 4 անընդմեջ հաղթանակ տոնելով՝ Իզե քաղաքի թիմին մեծապես օգնել էր ստուգատեսի 1-ին փուլում 3-րդ տեղը գրավելու հարցում: Էդգար Բաբայանն էլ ահա նույնքան հաղթանակ է տոնել Զգիրց քաղաքում` սեպտեմբերի 8-10-ն ընթացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ. Լեհաստանի 86-րդ առաջնության 80 կգ քաշային կարգի ըմբիշների մրցապայքարում և երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է այդ երկրի չեմպիոն:
Բաբայանը եզրափակչում առավելության է հասել Պյոտր Գտովկայի նկատմամբ: Նա, ի դեպ, փետրվարին երկու այլ հայ ըմբիշների՝ Գևորգ Սահակյանի (66 կգ) և Էդգար Մելքումովի (71 կգ) նման Ռադիբոր քաղաքում պարտության մատելով իր բոլոր մրցակիցներին՝ դարձել էր Լեհաստանի գավաթակիր: 30-ամյա Բաբայանը, ով 2010 թ. դեկտեմբերից ներկայացնում է «Պոզնանի Սոբեցկի» ակումբը, Լեհաստանի առաջնությունում իր առաջին ոսկե մեդալը նվաճել է 2015 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85-րդ առաջնության 75 կգ քաշային կարգում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լեհաստանի նորընծա չեմպիոնն իրավունք է նվաճել դեկտեմբերին Հունգարիայում լեհական դրոշի ներքո հանդես գալու ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբիշների աշխարհի առաջնությունում:
Էդգար Բաբայանից բացի Զգիրցում 71 կգ քաշային կարգում 2016 թ. Լեհաստանի չեմպիոնի կոչմանն է արժանացել հայազգի ևս մեկ ըմբիշ՝ նախկին էջմիածինցի, 26-ամյա Էդգար Մելքումովը, ով արդեն 5 տարի է ներկայացնում է «Պյոտրվոկ տրիբունալսկի» ակումբը:
Նա էլ եզրափակչում պարտության է մատնել Կոնրադ Կոսլային: Մելքումովը նույնպես Լեհաստանի կրկնակի չեմպիոն է: Նա 2015 թ. ևս իրեն հավասարը չի ունեցել Լեհաստանի 85-րդ առաջնությունում: Մելքումովն էլ Էդգար Բաբայանի նման իրավունք է ձեռք բերել Լեհաստանը ներկայացնելու ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թ. աշխարհի առաջնությունում: