Ստեփանակերտում կայանալու է Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի համերգը
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017թթ. համերգաշրջանը կբացվի այսօր Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Փառատոնի հոբելյանական 10-րդ շրջանը նվիրված է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն ընթացող փառատոնային ծրագիրն այս տարի գերհագեցած է. 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգներ, նաև հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգը, իսկ Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային կատարմամբ էլ հոկտեմբերի 30-ին կամփոփվի փառատոնը:
Սեպտեմբերի 20-ին կայանալիք համերգը նվիրված է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին: Այդ օրը սպասված է հատկապես Սերգեյ Խաչատրյանի և Նարեկ Հախնազարյանի արվեստի երկրպագուների համար:
Ողջ փառատոնի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան հայտնի ու մեծ վաստակ ունեցող շուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ. ջութակահարներ՝ Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Անուշ Նիկողոսյանը, Բորիս Բրովցինը (Ռուսաստան), թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յան Ֆոգլերը (Գերմանիա), Բորիս Անդրիանովը (Ռուսաստան), դաշնակահարներ Անահիտ Չաուշյան (Մեծ Բրիտանիա), Լուսինե Խաչատրյան (Գերմանիա), Ֆիլիպ Կասար (Ֆրանսիա), շեփորահարներ Կիրիլ Սոլդատով (Ռուսաստան), Սերգեյ Նակարյակով (Ռուսաստան) և ուրիշներ: Փառատոնն այս տարի առանձնանում է հատկապես հյուրեկ մեծանուն դիրիժորներով՝ Կիրիլ Կարաբից (Ուկրաինա), Դմիտրի Յուրովսկի (Գերմանիա), Մարկ Թարդյու (Գերմանիա):
Վերջինս Գերմանիայի Ենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, ում ղեկավարությամբ հոկտեմբերի 3-ին կկայանա Ենայի և Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը:
Առանձնահատուկ է սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կայանալիք համերգը՝ Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգի հաջորդ օրն էլ նախատեսված են վարպետության դասեր արցախցի երիտասարդ երաժիշտների համար:
Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենան նաև հայ կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված համերգներ. սեպտեմբերի 28-ի համերգով կնշենք Լևոն Չաուշյանի 75-ամյակը, իսկ հոկտեմբերի 25-ին՝ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը:
Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին Ջ. Վերդիի «Ռիգոլետո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերգով հանդես կգա բարիտոն Ջանպիերո Ռուջերին (Իտալիա):
Այս տարի ևս հրավիրյալ մենակատարներից շատերը վարպետության դասեր կտան հայ երիտասարդ երաժիշտ-կատարողներին:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգն իր ելույթով ավելի հիշարժան կդարձնի գերմանացի հանրաճանաչ ջութակահարուհի Վիվիան Հագները՝ ներկայացնելով Դվորժակի Ջութակի կոնցերտը:
Վիվիան Հագները հանդես է եկել տարբեր հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Աբբադո, Աշկենազի, Բարենբոյմ, Շայի, Չունգ, Էշենբախ, Սալոնեն, Նագանո, Կոդամա, Նոթ):
2016-2017թթ. համերգաշրջանում ծրագրված են նրա ելույթները Իսլանդիայի, Պորտոյի, Սան Պաուլոյի սիմֆոնիկ, Բոննի Beethoven Orchester և Hallé նվագախմբերի հետ:
20-րդ դարի երաժշտության ջատագով Վիվիան Հագները կատարում է Սոֆյա Գուբայդուլինայի, Կարլ Ամադեուս Հարթմանի, Վիտոլդ Լյուտոսլավսկու, Ալբան Բերգի, Ունսուկ Չինի, Սայմըն Հոլթի ստեղծագործություններից:
ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին