«Հայաստան էքսպո»՝ Թեհրանում
Թեհրանում կայանալու է Հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես («Հայաստան Էքսպո»): Իրանում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ էքսպոն կայանալու է հոկտեմբերի 5-8-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում:
«Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: Ցուցահանդեսը կօգնի իրանցի արդյունաբերողներին և գործարարներին ծանոթանալ առևտրի և արդյունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին և կարողություններին, կայուն և երկարատև գործարար համագործակցության հաստատման համար:
Հարկ է նաև նշել, որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) միակ անդամ երկիրն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Թեհրանում ՀՀ դեսպանությունը, Հայաստանի զարգացման հիմնադրամը, Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերությունը: