Հայաստանում գորգերի և տրիկոտաժի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Հայաստանում շարունակում են նվազել ինչպես տրիկոտաժեղենի, այնպես էլ գորգերի արտադրության ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված ցուցանիշները խոսում են մեր երկրում մանածագործական և հագուստի արտադրության ծավալների անկման մասին:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 52.7%-ով: Եթե այս տարվա յոթ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 13.9 տոննա գորգեր և գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 29.4 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 1 727.4 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվար-հուլիսին՝ 2 097.8 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալները նվազել են 17.7%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 5,2 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1,6 տոննա, ինչը 69.2 տոկոսով պակաս է:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա յոթ ամիսներին 2.5 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2015թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 4 057.8 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 10 291.9 հազար զույգ: