Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հայազգի թեկնածուները հայտնի են
Վրաստանի խորհրդարանի ընտրություններին Ախալքալաքից և Նինոծմինդայից իրենց թեկնածությունն առաջադրել է 10 հոգի, 8-ը՝ մեծամասնական ցուցակներով, 2-ը հոկտեմբերի 8-ին կփորձեն խորհրդարան մտնել կուսակցությունների միջոցով: Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Վրաստանում 2016 թ.-ի հոկտեմբերի 8-ի Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 29 կուսակցություն / բլոկ, որոնցից Ախալքալաքի ընտրատարածքում իրենց սեփական թեկնածուներն ունեն միայն 6-ը:
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել գործող պատգամավոր Հենզել Մկոյանին Նինոծմինդայից, ով 2012 թ.-ին ընտրվել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից:
«Վրացական երազանք» կուսակցության ցուցակով թեկնածու է առաջադրվել անհատ ձեռնարկատեր Սամվել Մանուկյանը:
«Պաատա Բուրչուլաձեի – Պետությունը Ժողովրդի համար» բլոկից Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածուն Շաքրո Այվազյանն է Նինոծմինդայից, ով նախկինում հայտնի չէր քաղաքականության մեջ: Ըստ համամասնական ցուցակի, բլոկի թեկնածուն Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավոր Մելքոն Մակարյանն է:
«Միացյալ ազգային շարժման» բլոկից Ախալքալաքի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածուն Նինոծմինդայի ոստիկանության նախկին պետ Արսեն Կարապետյանն է:
«Հանրապետական կուսակցությունը» մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Աշոտ Սահարյանին: Այս կուսակցությունը իր ցուցակներում Ջավախքից ներկայացուցիչներ չունի:
«Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը, միացյալ ընդդիմություն»-ը մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի նախկին աշխատակից Մերուժան Կարախանյանին: Այս բլոկը ևս իր ցուցակներում Ջավախքից ներկայացուցիչներ չունի:
«Ազգային ֆորում» կուսակցությունը մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Գումբուրդո գյուղի դպրոցի վրաց լեզվի ուսուցիչ՝ ծագումով Ասպինձացի Արմենակ Փոլորչյանին:
Նախաձեռնող խմբերից անկախ թեկնածուներն են՝ Ախալքալաքի սոցիալական ծառայությունների նախկին ղեկավար Արտաշես Փալանջյանը, և Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Ջաղացպանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան