Այսօր ես ձեզ հետ խոսում եմ, վաղը կարող է ես էլ գնամ. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դրական է գնահատել ու գնահատում Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, քանի որ Հովիկ Աբրահամյանն ու նախկին կառավարությունը մինիմումի են հասցրել այն վտանգները, որի առաջ կանգնած էր Հայաստանը:
«Հիմա նայեք առաջ ու հաջողություն մաղթեք ապագա կառավարությանը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Լրագրողները Շարմազանովին հիշեցրեցին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե՝ մենաշնորհի դեմ պայքարը սկսելու է հենց իր մերձավորներից, բայց նրանցից որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Մի անձնավորեք, Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունն իր հոր տնից չի բերել, դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել, ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի դեպքում: Հովիկ Աբրահամյանի կառավարության բոլոր թերացումների, առավելությունների, ձեռքբերումների պատասխանատուն ՀՀԿ-ն է: Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք: Մենք 1999-ից սկսած և՛ բացասականի տերն ենք, և՛ դրականի: Իսկ հիմա նոր իրողություններ են: Հայաստանում բարեփոխումների շրջան է մեկնարկել, միգուցե ապագա պատմաբաններն այս ժամանակաշրջանն անվանեն որպես բարեփոխումների աշուն»:
Ո՞ւր է գնալու Հովիկ Աբրահամյանը հարցին ի պատասխան, ԱԺ փոխնախագահն ասաց, որ մնում է ՀՀԿ-ում, մեծ անելիքներ ունի և՛ ՀՀԿ-ում, և՛ քաղաքականության մեջ:
«Մի զարմացեք: Քաղաքականություն մի օր գալիս ես, մի օր գնում: Այսօր ես ձեզ հետ խոսում եմ, վաղը կարող է ես էլ գնամ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան