Գաբրիել Ղազարյան. «Դպրոցների բացօթյա մարզահրապարակներն արդյունավետ չեն օգտագործվում»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ՝ տեղում ծանոթանալու հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, այցի ընթացքում Գաբրիել Ղազարյանը եղել է Մասիս քաղաքի թիվ 1, թիվ 3, Արտաշատ քաղաքի թիվ 5, Ոսկետափի թիվ 1 և Վեդի քաղաքի թիվ 2 հիմանական դպրոցներում, Ջրահովիտ, Մասիս, Դալար և Արալեզ համայնքների միջնակարգ դպրոցներում, տեղում տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ:
Մարզ կատարած այցի ավարտին մարզպետարանի դահլիճում Գաբրիել Ղազարյանն անցկացրել է խորհրդակցություն՝ դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ: Նա հիմնականում բավարար է գնահատել իր այցելած դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճների պայմանները:
«Այցելածս դպրոցներն ունեն նաև բացօթյա մարզահրապարակներ, որոնք արդյունավետ չեն օգտագործվում, մինչդեռ, տարվա այս եղանակին ֆիզկուլտուրայի դասաժամերը պետք է անցկացնել բացօթյա՝ ըստ ծրագրի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Արարատի մարզում ֆիզկուլտուրայի դասավանդումը շահեկանորեն տարբերվում է իր այցելած մյուս մարզերում տիրող իրավիճակից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա