Զեյնալյանը՝ տեղամասերում տեսախցիկների մասին. Ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է
«Մենք գիտենք, որ ոչ միայն ստորագրված ու խոստացված, այլ նաև խորհրդարանի ընդունած շատ դրույթներից իշխանությունը հետո հետ է կանգնում: Այս առումով մնում են որոշակի մտահոգություններ: Հուսով ենք, որ գոնե այս անգամ նման հիմքեր չունենք»,- «Քաղհասարակության գնահատականը Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 10-ին ԱԺ հինգ խմբակցությունների կողմից նախաստորագրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը, որն ամրագրում է մեխանիզմներ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար:
Բ. Նավասարդյանը նշեց՝ շատ են եղել դեպքեր, երբ օրենքում ամրագրված մեխանիզմների կիրառման ժամանակ դժվարություններ են ի հայտ եկել:
«Դժվարություններ են եղել նաև այն դեպքերում, եթե նույնիսկ պատասխանատվություն է սահմանված սխալ կիրառման կամ չկիրառման պարագայում: Այս առումով շատ եմ կարևորում հանրային հսկողության մեխանիզմները, նաև արձանագրում ենք այս օրենսգրքում դրանց անբավարար լինելը»,-ասաց նա:
Իրավունքի գերակայություն ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանն առաջընթաց ու էական փոփոխություն է որակում պայմանավորվածությունը, ըստ որի ընտրատեղամասերը պետք է հագեցվեն տեսախցիկներով:
«Իհարկե, դա ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է, որ տեղի ունենա փոփոխություն: Ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունը շատ ցածր է, և սա կարող է սայլը շարժել տեղից, զարգացնել վստահությունը»,-ասաց Զեյնալյանը՝ նկատելով, որ իրենց առաջարկած փոփոխությունների մի փոքր մասն է միայն ներառվել համաձայնագրում: