ՀԿ-ներ. Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացների բարելավմանը միտված քաղաքական կամքի դրսևորումները կստանան շարունակական բնույթ
«Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրում ներառված վերահսկողության մեխանիզմներն այսօր մեզ հույս են տալիս, որ պատշաճ կիրառվելու և հանրային վերահսկողության դեպքում կարող են կանխել ցուցակների հաշվին ուռճացված թվեր ներկայացնելն ու արդյունքներ կեղծելը»: Այսօր «Քաղհասարակության գնահատականը Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
«Բազմիցս տարբեր հարթակներում բարձրաձայնել ենք, որ ընտրացուցակները Հայաստանից բացակայող անձանց հաշվին կեղծվում են և օգտագործվում են իշխանության շահերից բխող արդյունքներ: Խնդրին տարիներ շարունակ չեն տրվել լուծումներ»,-ասաց Ս. Այվազյանը, ավելացնելով, որ համաձայնագրում ներառված մեխանիզմները թույլ կտան կանխել ընտրախախտումները:
Նրա խոսքով, համաձայնագրի նախաստորագրումը մի քանի տարվա աշխատանքի արդյունք է:
«Ստեղծված է այնպիսի վիճակ, որ իշխանությունները ստիպված էին գնալ նման զիջումների, որպեսզի որոշ չափով շահեն հանրային վստահությունը կամ առնվազն ցույց տան, որ իրենք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել հանրային վստահությունը վերականգնելու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 10-ին ԱԺ հինգ խմբակցությունների կողմից նախաստորագրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը, որն ամրագրում է մեխանիզմներ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար:
Համաձայանգրի վերաբերյալ այսօր միասնական հայտարարություն են տարածել «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը, «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ նախագահ Բորիս Նավասարդյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ փոխնախագահ Սոնա Այվազյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ
Տիգրան Եգորյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Քվեարկության օրինականության վերահսկման մի շարք մեխանիզմների ստեղծման, հատկապես` ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, տեղամասերը տեսախցիկներով հագեցնելու, քվեարկության և արդյունքների ամփոփման փուլերի տեսաձայնագրման և ուղիղ հեռարձակման պահանջի կատարումն առաջընթաց է: Կարևորվում և դրական ենք գնահատում քաղաքական ուժերի կողմից ձեռք բերված համաձայնությունը և երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ: Այդ մեխանիզմների մշակման գործում էական ազդեցություն և մասնակցություն են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Ակնկալում ենք, որ նախաստորագրված փաստաթղթում ամրագրված գաղափարները պատշաճ կերպով կյանքի կկոչվեն Հայաստանի իշխանությունների կողմից` նաև այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Հուսով ենք, որ դրանք հնարավորություն կտան կանխարգելելու ընտրակեղծարարության մի շարք դրսևորումներ, ինչպիսիք են` բազմակի քվեարկությունը, քվեաթերթիկների լցոնումը, կամ մասնակցության ուռճացված ցուցանիշների հաշվին ընտրությունների արդյունքների կեղծումը:
Միևնույն ժամանակ, ակնկալում ենք որ ընտրական գործընթացների բարելավմանը միտված քաղաքական կամքի դրսևորումները կստանան շարունակական բնույթ և շուտափույթ լուծում կտան ընտրական օրենսդրության այլ խնդիրներին` նպատակ ունենալով ստեղծելու երաշխիքներ ազատ և արդար ընտրությունների համար»: