Գրողների միության դահլիճում գործելու է Նարեկ Դուրյանի հիմնադրած նոր թատրոնը
Հայ թատերասերներն այսուհետև հնարավորություն կունենան դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի ներկայացումները դիտել նոր բեմում. Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միության շենք` Դուրյանի հիմնադրած նոր թատրոնի հասցեն է: Թատրոնում պարբերաբար կցուցադրվեն դերասանի ներկայացումները, ինչպես նաև կլինեն պրեմիերաներ, կանցկացվեն վարպետության դասեր և այլ միջոցառումներ:
Թատրոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին «Իմ կնոջ անունն է Մորիս» (հեղինակ` Ռաֆֆի Շարտ) կատակերգությամբ, որը ցուցադրվել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում: Հաջորդիվ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու Նարեկ Դուրյանի խաղացանկի մյուս`«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ», «Օպերացիա Նեմեսիս», «Կոմա Նոստրա» ներկայացումները:
Գրողների միության շենքի դահլիճը, որը 10 տարի ժամկետով վարձակալել է Նարեկ Դուրյանը, վերանորոգվել է և վերազինվել ժամանակակից տեխնիկայով: Հանդիսատեսի համար ստեղծվել են հնարավորինս հարմարավետ պայմաններ: Բոլոր դերասանները, ովքեր մինչ այդ ներգրավված են եղել Նարեկ Դուրյանի ներկայացումներում, շարունակելու են իրենց աշխատանքը նոր թատրոնում:
Այս տարվա նոյեմբերին թատրոնը հանդես կգա պրեմիերայով: Կցուցադրվեն նաև հատուկ մանուկների համար նախատեսված ներկայացումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում