Մի քանդեք թատրոնը, թողեք հանգիստ աշխատի մի թատրոն՝ հեռու աչքից, սրտից ու կոչումներից. Աճեմյանականներ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին թատրոնում վերջին շրջանում ստեղծված լարված իրավիճակի պատճառը:
Մասնավորապես, թատրոնի վաստակավոր դերասան Սուսաննա Բաղդասարյանը նշեց, որ լրացել է թատրոնի տնօրենի կառավարման ժամկետը և «Հայաստանի հանրապետություն» թերթում հայտարարություն է տրվել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթի համար:
«Թատրոնում անտեղյակ հանկարծ իմանում ենք, որ մեր քաղաքից երկու հոգի հայտ են ներկայացրել մասնակցելու մրցույթին՝ Մարգարիտա Մինասյանն ու Արաքսյա Կիրակոսյանը: Երկուսն էլ ընդհանրապես թատրոնի հետ կապ չունեն, չեն տիրապետում թատրոնի օրգանիզմին, կառուցվածքին, իսկ ՊՈԱԿ-ի մասին կանոնադրությամբ բոլոր իրավասությունները տրված է տնօրենին, որը պետք է ոչ միայն տիրապետի վարչականին, այլև՝ կիսով չափ ստեղծագործականին: Դրա համար թատրոնում մեծ աղմուկ է բարձրացել, որպեսզի այնպիսի թեկնածուներ լինեն, որոնք կապ ունեն թատրոնի հետ»,- խնդիրը ներկայացրեց Սուսաննա Բաղդասարյանը:
Այսպիսով, ըստ նրա, աղմուկն այնքան է աճել, որ ստիպված եկել են Երևան. «Քանի որ նախարարն արդեն հայտարարել է՝ ինքը տեղյակ է, որ թատրոնը դեմ է երկու տիկնանց, քանի որ կոմպետենտ չեն, խոստացել է դրական լուծում տալ: Մենք սպասում ենք այդ դրական լուծմանը»:
Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանն էլ նշեց, որ իրենք տեղեկացրել են խնդրի լրջության մասին, իսկ թեկնածուներին հորդորել են հեռու մնալ թատրոնից և այն չտանել կործանման, քանի որ չեն կարող ոչ մասնագետ լինելով թատրոն կառավարել:
«Իրենց հանդեպ մենք ոչինչ չունենք, ուղղակի խնդրել ենք, որ չգնան այդ քայլին: Թատրոնը վերելք է ապրում, իսկ ոլորտից անտեղյակ մարդը չի կարող դա շարունակել: Մինչդեռ թեկնածուները մտածում են, որ իրենք ֆինանսատնտեսական հարցերին շատ լավ տիրապետում են և կարող են որպես տնօրեն աշխատել»,- ասացին դերասանները:
Թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը նույնպես նշեց, որ իրենք անձերի դեմ ոչինչ չունեն, միգուցե նրանք տեղյակ չեն, որ թատրոնն ունի որոշ առանձնահատկություններ. «Կամա թե ակամա տնօրենը մտնում է ստեղծագործական և գեղարվեստական աշխատանքների մեջ, դրա համար մենք ուզում ենք, որ կոմպետենտ մարդ գա թատրոն: Մենք պատրաստ ենք բոլորին ընդունելու»:
Հարցին, թե արդյոք դերասաններն ունեն նախընտրելի թեկնածու, պատասխանեցին, որ որևէ թեկնածու չունեն:
Դերասանները հայտնեցին, որ թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին, սակայն հուսով են, որ մրցույթը չեղյալ կհայտարարեն:
«Եթե մեր բողոքը հաշվի չառնեն, ապա պատրաստ ենք ծայրահեղ քայլի, որպեսզի ունենանք թատրոնի մասին մտածող, թատրոնի վերելքն ապահովող տնօրեն: Մեր թատրոնը հիմա շատ լավ վիճակում է, հանգիստ աշխատում ենք և մեր պահանջը մեկն է՝ թողնել հանգիստ աշխատի մի թատրոն, որը միշտ եղել է աչքից հեռու, սրտից հեռու, կոչումներից ու ամեն լավ բանից հեռու: Մի քանդեք թատրոնը, թողեք հանգիստ աշխատենք»,- ասացին դերասանները:
Թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց, որ ինքն այս պատմությունից տեղյակ է:
«Կոլեկտիվը դեմ է, ես ընդամենը խորհրդական եմ գեղարվեստական մասով, ու կողքից օգնում եմ ներկայացումների ստեղծմանը: Մի բան միայն կարող եմ ասել՝ նման խնդիրներ միշտ կլինեն ոչ միայն մեր, այլև բոլոր թատրոններում: Բազմիցս ասել ենք, որ պետք է լինի Թատրոնի մասին օրենք, բայց ոչ մի կերպ չեն ուզում մշակել այդ օրենքը: Իսկ օրենքը լինելու դեպքում ամեն ինչը տեղը կընկնի: Բռնում են Շահվերդյան Վահեին հանում են, հետո դնում են: Էս բաները տեղի են ունենալու, պետք է Թատրոնի մասին օրենք, սա է իմ խնդրանքը»,- ընդգծեց Նիկոլայ Ծատուրյանը:
Դերասանները բերեցին Վրաստանի օրինակը, որտեղ, ըստ նրանց, կա Թատրոնի մասին փայլուն օրենք, և ըստ այդմ՝ թատրոնի պատասխանատուն ոչ թե ֆինանսական տնօրենն է, այլ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: