Էրմիտաժն աշխարհի լավագույն թանգարանների եռյակում է
Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժն ընդգրկվել է 2016 թ. աշխարհի լավագույն թանգարանների եռյակում TripAdvisor զբոսաշրջային պորտալի քվեարկության արդյունքում: Առաջին տեղում է Նյու Յորքի Մետրոպալիտեն թանգարանը, երկրորդ՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Առաջին տասնյակում է Փարիզի Օրսե թանգարանը, Մեխիկոյի մարդաբանական ազգային թանգարանը, Նյու Յորքի 9/11 հուշահամալիրը, Մադրիդի Պրադո թանգարանը, Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Աթենքի Ակրոպոլիս թանգարանը, Ստոկհոլմում «Վազա» թանգարանը:
«Traveler's Choice» վարկանշային աղյուսակը կազմվում է հատուկ ալգորիթմով, որը հաշվի է առնում TripAdviso կայքում ճանապարհորդների արձագանքները:
Պետական Էրմիտաժն արդեն ավելի քան 20 տարի ղեկավարում է հայտնի արաբագետ Միխայիլ Պիոտրովսկին. նրա ծնողները հայտնի հնագետներ Բորիս Պիոտրովսկին, ով եղել Հովսեփ Օրբելու ասպիրանտը, և Հռիփսիմե Ջանփոլադյանն են: Մ. Պիոտրովսկին ծնվել է Երևանում:
Էրմիտաժում կա հայկական ցուցանմուշների սրահ: auroraprize.com –ին տված հարցազրույցում հայ միջնադարյան պատմության մասնագետ, պատմաբան Կլոդ Մութաֆյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչն է Էրմիտաժի հայկական հավաքածուի յուրահատկությունը, ո՞րտեղից է հավաքվել դրա մեծ մասը, ասել է. «Դրանք միանգամայն տարբեր ծագում ունեն։ Օրինակ՝ թանգարանի հավաքածուն ներկայացնում է «Ջենովայի ավետարանը», որն արտագրվել ու ծաղկվել է 1330-ական թվականներին։ Ժամանակին այն Էրմիտաժին նվիրել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։ Արժե հիշատակել նաև Ղրիմի հայկական վանքերից մեկի դուռը, որի արձանագրությունները վերաբերում են XIV դարին։
Բացի այդ, հայկական հավաքածուում կան նաև կնիքներ, որոնցից երկուսը բացառիկ են բոլոր իմաստներով. մեկը պատկանել է Ռուբինյանների Թորոս Բ իշխանին (XII դ.), իսկ մյուսի վրա հունարենով գրված է Մարիա Պալեոլոգենա կայսրուհու անունը, որը Բյուզանդիայի գահաժառանգ Միքայել IX Պալեոլոգոսի կինն էր և Կիլիկիայի Հեթում Բ արքայի քույրը՝ ծնված Ռիտա անունով։ Այդ կնիքները ես 1993 թվականին տարել էի Սորբոն, իսկ «Ջենովական ավետարանը»՝ 1999 թվականին՝ Վատիկան։
Սակայն Էրմիտաժի հայկական հավաքածուի ամենակարևոր նմուշը Սկևռայի արծաթյա մասնատուփն է, որում պահվում են սրբազան մասունքներ։ Այն ստեղծվել է 1292 թվականին՝ միևնույն տարում, երբ մամլուքների ճնշման տակ ընկավ Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիտը՝ Հռոմկլա բերդամրոցը։ Սկևռան Կիլիկիայի Հայոց թագավորության կարևորագույն վանքերից էր։ Մասնատուփի վերնամասում կարդացվում է երկար արձանագրություն՝ յուրօրինակ մի բանաստեղծություն, որը ողբում է Հռոմկլայի անկումը։ Այս ապշեցուցիչ առարկան գտնվել է XIX դարում Իտալիայում և վաճառվել մի ռուս կոմսի։ Վերջինիս մահից հետո Էրմիտաժը գնել է նրա ամբողջ հավաքածուն, այդ թվում՝ մասնատուփը։ Երկար ժամանակ նմուշներից շատերը պահվում էին թանգարանի պահոցներում, և դրանց մեծամասնությունը դուրս չէր բերվում ցուցադրության։ Բարեբախտաբար, մոտ տասը տարի է արդեն, ինչ Էրմիտաժում բացվել է առանձին դահլիճ, որում հավաքված են հայ արվեստի ու մշակույթի բազմաթիվ նմուշներ»։