Բարձր աշխատավարձի համար չեմ գնացել քաղաքապետի պաշտոնից. Կարեն Կարապետյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նորանշանակ վարչապետին՝ եթե երկու կամ յոթ ամիս անց նրան 50-80 կամ ավելի հազար դոլար աշխատավարձով աշխատանք առաջարկվի, ապա նա կփոխի՞ իր աշխատանքի վայրը:
Հարցին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց. «Ձեր հարցի մեջ մի ենթադրություն կա, որ ես քաղաքապետի պաշտոնից գնացել եմ այլ՝ բարձր աշխատավարձով աշխատանքի: Բայց եթե դուք հիշում եք իմ հարցազրույցը, ապա դա այդպես չէ: Այսօր ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, որը շատ ավելի ցածր աշխատավարձով աշխատանք է»:
Պատասխանելով պատգամավորի մեկ այլ հարցին, թե արդյոք վարչապետը տիրապետում է ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշներին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է հարցին, թե տիրապետում եմ մակրոտնտեսական թվերին, ապա պետք է ասեմ՝ ոչ: Եթե ՀՀ վարչապետը միայն պետք է լինի այն մարդը, որ տիրապետում է այդ թվերին։ Դա նշանակում է, որ կառավարության շենքից բացի ոչ մի այլ տեղից մենք վարչապետը չպետք է վերցնենք»:
Այնուհետև վարչապետն ասաց, որ նախատեսված ժամկետում ներկայացնելու են կառավարության ծրագիրը, որտեղ կլինի այն տեսլականն ու պատկերացումները, թե ինչպես պետք է փոխեն տնտեսության վիճակը:
«Իսկ ձեր նշած թվերին ես այս պահին չեմ տիրապետում»,- ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Էներգետիկ ոլորտը մեծ պոտենցիալ ունի այլընտրանքայինի մասով. Վարչապետ
- Ռեալ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է. նորանշանակ վարչապետ