Նարեկ Սարգսյան. Գյումրիում մոտ 100 հոգի է մնացել, որ ստանան բնակարանների գնման վկայականներ
Թվերի մեջ միշտ եղել են տարբերություններ: Խոսակցություններ միշտ եղել են,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե մինչև հիմա չկա Գյումրիի անօթևանների հաշվառման ճիշտ մեթոդաբանություն, «Շիրակ» կենտրոնը ներկայացնում է 4230 ընտանիք, քաղաքապետարանի տվյալներով՝ 3500 ընտանիք, ե՞րբ է հաշվառման կարգը ճշգրտվելու:
Շարունակելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ վերջին երկու տարում բավականին լուրջ ֆինանսական ռեսուրսներ են դրել, 2014 թվականի քաղաքաշինության նախարարությունն իր բյուջեից վերաբաշխում է արել և 1 միլիարդ 600 միլիոն ուղղել է աղետի գոտի:
«Համաձայն մեր ցուցակների՝ Գյումրիում մեզ մնացել է մոտ 100 հոգի, որ ստանան բնակարանների գնման վկայականներ, արժեքը հասնում է 600 միլիոնի: Նախատեսել ենք հաջորդ տարվա բյուջեում ընդգրկել: Մոտեցումը հետևյալն է՝ ավարտել մեր պարտավորությունները, այն, ինչ հայտարարել է կառավարությունը տարիներ առաջ, հետո նորից կանդրադառնանք ցուցակագրման խնդիրներին»,- ասաց Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ հաշվառման մեթոդիկայի հետ կապված եթե հընթացս փոխեն, ապա մինչ այդ տրամադրված մարդկանց նկատմամբ կառաջանա ոչ հավասարաչափ մոտեցում:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հաշվառման մեթոդների փոփոխության վերաբերյալ կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել, որոնք կուսումնասիրեն այս փուլն ավարտելուց հետո ու կներկայացնեն իրենց կարծիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան