Չեմպիոնների լիգա, «C» խումբ, 1-ին տուր
Պրիմերայում կրած սենսացիոն պարտությունից հետո «Սելթիկի» հետ խաղում «Բարսելոնի» կազմ էին վերադարձել Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը։ Վերջինս շոտլանդական թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի ղեկավարությամբ ժամանակին խաղացել է «Լիվերպուլում»։ Ռոջերսը հայտարարել էր, որ Սուարեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց Մեսսին արագ հասկացրեց նրան, թե իրականում ով է այդպիսին համարվում։ Արդեն 3-րդ րոպեին արգենտինացին անկյունայինի խաղարկումից ու Նեյմարի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը։ Զարմանալի է, թե այդ դրվագում «Սելթիկի» պաշտպաններն ինչպես էին մոռացել Մեսսին։ Չնայած դաշտի տերերի առավելությանը, հյուրերը հաշվի հավասարակշռությունը վերականգնելու հնարավորություն ունեին առաջին կեսի միջնամասում, երբ Մուսա Դեմբելեն ստիպեց Մարկ-Անդրե տեր Շտեգենին՝ տուգանային հրապարակում խախտելու կանոնները։ Սակայն գերմանացի դարպասաշահը շտկեց իր սխալը՝ հետ մղելով Դեմբելեի հարվածը։ Որպես պատասխան՝ Մեսսին ու Նեյմարը, ինչպես դանակը՝ կարագի միջով, անցան մրցակցի պաշտպանության միջով, և Լեոն խփեց երկրորդ գոլը։
Նման իրավիճակում «Նոու Կամպում» կայացած հանդիպման երկրորդ խաղակեսը վերածվեց ձևականության։ Ռոջերսին մնում էր միայն տխուր հետևել այն բանին, թե ինչպես է «Բարսելոնն» ընդմիջումից հետո քառորդ ժամվա ընթացքում ևս 3 գոլ խփում։ Վերջապես Նեյմարը գոլի հեղինակ դարձավ, այնուհետև բրազիլացու փոխանցմամբ աչքի ընկավ Ինյեստան, իսկ հետո Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց։ Բայց այդքանով խաղը չավարտվեց, որովհետև Սուարեսը չէր ուզում առանց գոլի հեռանալ խաղադաշտից։ Ուրուգվայցին 75-րդ րոպեին հաշիվը դարձրեց 6։0, սակայն, չբավարարվելով դրանով, նաև 7-րդ գոլը խփեց։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան հնարավորություն ուներ Չեմպիոնների լիգայում հաղթել Մյունխենգլադբախի «Բորուսիային», ինչը «Մանչեսթեր Սիթիի» նոր մարզչին չէր հաջողվում Բունդեսլիգայի վերջին երկու մրցաշրջանում։ Գվարդիոլան ասպարեզ էր դուրս բերել մարտական կազմը. հիմնական կազմ էր վերադարձել անգլիական Պրեմիեր Լիգայում որակազրկված Սերխիո Ագուերոն՝ փոխարինելով Կելեչի Իխենաչոյին։ Սակայն Պեպեի մարտական տրամադրությունը գցեցին... եղանակին պայմանները։ Այդ երեկո Մանչեսթերում ուժեղ կարկուտ տեղաց, որի պատճառով խաղը հետաձգվեց և տեղի կունենա այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա