Սագանելիձե. «Վրաստանը շնորհակալ է հայազգի մարզչին»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Կողմերը խոսել են երկու երկրների միջև ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության սերտացման, նոր ուղիների և հնարավորությունների բացահայտման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Հայաստանում և Վրաստանում կազմակերպվող միջազգային մարզական առաջնություններին, ձևավորված ավանդույթի համաձայն, մասնակցում են թե՛ հայ, և թե՛ վրացի մարզիկները: Մեր բարեկամական երկրները սերտորեն համագործակցում են ոչ միայն սպորտում, այլև մյուս ոլորտներում»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:
Դեսպան Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը` ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդական ծրագրերի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
«Սիրով նշեմ, որ ռեգբի մարզաձևում Վրաստանի գրանցած հաջողությունների համար այսօր պետք է շնորհակալություն հայտնել Ֆրանսիայից ժամանած հայազգի մարզչին, ում շնորհիվ այդ մարզաձևում Վրաստանը մեծ հաջողություններ է գրանցում: Մեր երկու երկրները մշտապես համագործակցել են թե՛ մշակույթի, և թե՛ սպորտի բնագավառներում»,- ասել է դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա