ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» ծրագրի աջակից
Հայկական օպերային և դասական արվեստի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն ուղղված՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աջակցությամբ, 2014 թվականից առ այսօր մայրաքաղաքում և Հայաստանի մարզերի մշակութային օջախներում, տարբեր կրթօջախներում և սահմանամերձ գյուղերի զորամասերում, Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 70 միջոցառում. համերգ, ներկայացում, կյանքի են կոչվել տարբեր նախագծեր: Մինչև տարեվերջ կկազմակերպվի ևս 23 միջոցառում:
Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից ելնելով, Հայաստանի մարզերի բնակիչների մեծամասնությունը հնարավորություն չունի այցելելու Օպերային թատրոն և հաղորդակցվելու դասական արվեստի հետ: Արդեն հիշատակված Հիմնադրամի՝ «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» նախագծի շնորհիվ, որի երաժշտական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, խնդիրը ստացել է լուծում. մարզերում կատարումներով հանդես են եկել Հայաստանի և արտերկրից ժամանած արտիստներ: Միջոցառումների մուտքը եղել է ազատ:
Նախագծի շրջանակներում, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և մեներգիչների մասնակցությամբ, հերթական համերգներ են կայացել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում և Արագածոտնի մարզի Ուշի գյուղում:
«Կան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են սովորական գնահատվել, սակայն դրանց իրական ազդեցությունը դրսևորվում է հետագա կյանքում: Այս ծրագրով մենք ձգտում ենք լուծել կարևոր խնդիր. Օպերային երաժշտարվեստը հասանելի դարձնել մարզերում բնակվող մեր հայրենակիցներին և երեխաներին սովորեցնել գեղեցիկ մտածել: Ուզում եմ հավատալ, որ այն միջոցառումները, որոնք իրականացվել են 2014թ.-ից, որպես հետագիծ՝ իրենց դրական ազդեցությունը կթողնեն մատաղ սերնդի գիտակցության մեջ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին: Հիմնադիրներն են Կարեն Դուրգարյանը (Հոգաբարձուների խորհրդի նախագահ), Շմավոն Գրիգորյանը (տնօրեն) և Արմեն Տեր-Տաճատյանը (հոգաբարձու): Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, ՌԴ ժող. արտիստ Վալերի Գերգիևը:
Հիմնադրամը նպատակ ունի՝
Առավել մասայականացնել օպերային արվեստը
Երաժշտական այս ժանրի նկատմամբ հասարակության մեջ հետաքրքրություն սերմանել վաղ տարիքից
Նպաստել Օպերային թատրոնի աշխատակազմի ստեղծագործական վերելքին
Փորձի փոխանակման և դասընթացների միջոցով՝ աջակցել մասնագետների կատարելագործմանը
Միջազգային փառատոնների միջոցով՝ նպաստել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը
Աջակցել նոր ներկայացումների բեմադրմանն ու լուծել թատրոնի գույքային խնդիրները
Համագործակցության շրջանակներում իրականացվել են հետևյալ նախագծերը՝
«Օպերային արվեստը Հայաստանի մարզերում»
«Օպերային արվեստը Հայաստանի սահմանամերձ համայնքների զորամասերում»
«Օպերային արվեստը կրթօջախներում»
«Հեքիաթն է կանչում»
«Համերգ ճեմասրահում»
«Օրկեստր +»
2014-2016 թթ. ընթացքում կազմակերպվել են հյուրախաղեր, համերգներ՝ տեղի և հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ, բեմադրվել է բալետային նոր ներկայացում և այլն: