Մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. Կարեն Կարապետյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց, թե մենաշնորհների ու ստվերի դեմ պայքարի համար ինչ լուծում է տեսնում:
Կարեն Կարապետյանը նախ հայտարարեց, որ պատրաստ է ԱԺ-ի աշխատել և մինչև վերջ լինել պարզ, բաց և անկեղծ:
Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, ապա, ըստ վարչապետի, առանց ստվերի դեմ պայքարի հնարավոր չէ վերարտադրել Հայաստանի տնտեսությունը:
«Հայաստանի տնտեսությունն առանց ստվերի դեմ պայքարի վերարտադրվելու բանաձև չունի: Որքանով մեզ կհաջողվի արդյունավետ պայքարել ստվերի դեմ, կտեսնենք: Տրամադրված ենք վճռական, որովհետև ուրիշ ձև գոյություն չունի: Մենք հարկերի բանաձևերը փոխելու ճանապարհով չենք կարող մեր տնտեսությունն առաջ տանել»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Կարեն Կարապետյանը նշեց, թե մենաշնորհները միշտ չէ, որ վատ են:
«Դա կախված է մենաշնորհի բնույթից՝ բնականոն է այն, թե՞ ոչ: Շուկան փոքր է, և արդյունավետ աշխատանքի դեպքում շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք ստանալ, սակայն եթե նա դա անում է բնականոն, մրցունակ ճանապարհով, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ հարց է»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Հարկային նոր օրենսգրքին, որը, ըստ պատգամավորի սահմանափակում է բիզնեսի հնարավորությունները, վարչապետն ասաց, որ հասցրել է ծանոթանալ հարկային օրենսգրքին:
«Ծանոթացել եմ, դա շատ բարդ հարց է: Այս պահին լուծում չունեմ: Դրա մասին կխոսենք»,- եզրափակեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Բարձր աշխատավարձի համար չեմ գնացել քաղաքապետի պաշտոնից. Կարեն Կարապետյան
- Էներգետիկ ոլորտը մեծ պոտենցիալ ունի այլընտրանքայինի մասով. Վարչապետ
- Ռեալ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է. նորանշանակ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին