Ռեալ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է. նորանշանակ վարչապետ
Հայտարարել եմ, որ լինելու է երկու փուլային ծրագիր. Առաջին փուլի մեջ չի լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք որ մենք կարող ենք մոտ ապագայում անել: Երկրորդ փուլի համար ժամանակ է մեզ պետք, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ նոր ձևավորվող կառավարության ծրագրի մասին:
«Որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք՝ նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- ասաց վարչապետը, ապա հավելեց, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, բիզնեսի զարգացման առումով:
«Պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Այս պահին եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նաև նշեց, որ օգտագործելու են նախկին կառավարության ծրագիրը, իսկ տնտեսությունը զարգացնելու են այն ուղղությամբ, որ ստեղծեն մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողին:
«Դա կարող է թվալ ընդհանուր բանաձև է, բայց այս պահին այսքանը, քանի որ բոլոր ռեյտինգներով լավ, երջանիկ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդն իրեն երջանիկ է զգում, ռեսուրս ունեցող, նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն»,- ասաց կառավարության նորանշանակ ղեկավարը:
Խոսելով կառավարության կազմի ընտրության մասին, վարչապետն ասաց. «Ընտրելու ենք մաքսիմալ պրոֆեսիոնալ կառավարություն: Կուսակցության պատկանելիությունը դեր խաղալո՞ւ է, թե ոչ՞… եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավն է»:
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կադրերի պակաս կա, որ այսօր նպատակ է դրվում սփյուռքի կադրերին ներգրավել կառավարության կազմում, Կարեն Կարապետյանն ասաց. «Լավ կադրերի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում, իհարկե, Երևանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին