Ադրբեջանը պատրաստ չէ լուրջ խոսել վստահության մեխանիզմների մասին. Սերգեյ Մինասյան
Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ոչ թե մտել է փակուղի, այլ վերադարձել է իր նորմալ վիճակին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նմա կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Կողմերը և համանախագահները վերադարձել են «բնական» վիճակին, երբ ունենք իրարամերժ մոտեցումներ` հակամարտող կողմերից և հակասական դիրքորոշումներ` Մինսկի խմբի համանախագահների միջև: Համանախագահների մոտեցումները որոշակիորեն չեն համընկնում, սակայն ոչ մեկը չի ցանկանում չափից ավելի լարվածություն մտցնել»:
Ըստ քաղաքագետի՝ հնարավոր էսկալացիան շարունակելու է մնալ որպես քաղաքական հեռանկար, թեև դժվար թե Ադրբեջանը գնա լայնածավալ ռազմական գործողությունների:
Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ներկայումս գերտերությունները զբաղված են լինելու սիրիական հակամարտությամբ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններով, իսկ Ադրբեջանը` սեպտեմբերի վերջին սպասվելիք սահմանադրական բարեփոխումներով և աշնան կեսերին հստակ կլինի՝ արդյոք կլինի՞ էսկալացիայի հավանականություն, թե՞ ոչ:
Անդրադառնալով նախագահների փարիզյան հանդիպման հետաձգվելուն՝ քաղաքագետն ասաց, որ այն չկայացավ, քանիո որ բանակցային գործընթացում առաջխաղացում չկա:
«Փարիզում Արցախյան հակամարտության կողմերը պետք է խոսեն շփման գծում վերահսկողության մեխանիզմների ներդրման մասին, ինչին դեմ է Ադրբեջանը: Այս թեմայի շուրջ Ալիևը դժվար թե խոսի: Ադրբեջանը պատրաստ չէ լուրջ խոսել վստահության մեխանիզմների մասին և փորձում է Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից հանել ամենակարևոր կետը` Արցախի կարգավիճակի ձևավորման մեխանիզմները, այդ պատճառով էլ փարիզյան հանդիպումը հետաձգվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին