Այլ բան կլինի, եթե կտրուկ փոփոխությունները լինեն միայն ոչ նախարարների մակարդակով. քաղաքագետ
Նոր կառավարության ձևավորման համար դեր խաղացին հասարակական լուրջ դժգոհությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է բավականին լուրջ սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական ճգնաժամի մեջ, դրանք բավականին լուրջ պրոբլեմներ են , որոնք հասարակական դժգոհության են բերել, ինչն այս անգամ չարտահայտվեց միայն ավանդական ձևերով, այլ նաև հասարակական մոտեցումների ռադիկալացիայով: Այս բոլոր գործոնները իրենց դերը խաղացին և հասունացավ կտրուկ բարեփոխումների անհրաժեշտություն:
«Հասկանալի է, որ նախկին կառավարությունը չէր կարող դա անել, քանի որ այն պահանջը, որը որ ունի հասարակությունը լուրջ կարդինալ փոփոխություն է՝ և հասարակական և տնտեսական դաշտում: Հետևաբար պետք էր մարդ, ով կարող էր իր վրա վերցնել դա, մարդ, ով գոնե ձևականորեն համարվում է համակարգից դուրս, ունի ազատություններ և երկրի նախագահի կողմից ստացել է «քարտ բլանշի» հնարավություն»,-մանրամասնեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է նրան, թե որքանո՞վ իրատեսական կարելի է համարել, որ այս ամենը տեղի ունեցավ դրսի քաղաքական ուժերի պնդմամբ, Սերգեյ Մինասյանն ասաց. «Միայն այն փաստը, որ նորանշանակ վարչապետը «Գազպրոմում» բավականին կարևոր պաշտոն է զբաղեցրել, դա բերում է մի իրավիճակի, որ խուսափել որևէ համեմատություններից կամ նման բացատրություններից հնարավոր չէ: Դա դառնում կարևոր գործոններից մեկը՝ նրան առաջարկելու վարչապետի պաշտոնում, սակայն, չեմ կարծում, որ արտաքին գործոնը հանդիսացել է ամենակարևորը այս նշանակության համար: Ես շարունակում եմ պնդել, որ գլխավոր պատճառը Կարեն Կարապետյանի նշանակման այն է, որ նա չի հանդիսանում այս համակարգի մաս և հետևաբար կան ակնկալիքներ, որ այս իրավիճակում նրան ավելի հեշտ կլինի անել այն բարեփոխումները, որոնց որ սպասում է հասարակությունը: Այլ բան է՝ արդյո՞ք կհամընկնեն հասարակության ռադիկալ բարեփոխումների ու իշխանությունների պահանջը, թե՞ ոչ»:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրենի կարծիքով՝ անգամ մեծ ցանկության դեպքում, Կարեն Կարապետյանին և իր թիմակիցներին դժվար կլինի խորքային բարեփոումներ կատարել, քանի որ խնդիրներն իսկապես բավականին լուրջ են և միայն ժամանակը ցույց կտա սպասումները կարդարանան, թե ոչ:
Գործադիր մարմնի կադրային դաշտում փոփոխություններին անդրադառնալով նշեց, որ այստեղ առաջնահերթ խնդիր է հանդիսանալու քաղաքական կամքը. «Կարծում եմ, որ խնդիրները այնքան խորքային են, որ այստեղ ոչ թե այս կամ այն անձի փոխելու մասին պետք է լինի խոսքը, այլ համակարգի կարդինալ մեխանիզմներ ստեղծելու մեջ: Համենայն դեպս հայտարարում են, որ ասպարեզում կտեսնենք բոլորովին նոր կադրեր, բայց կարող են հայտարարություններն ու նույնիսկ ամենամեծ ցանկությունները իշխանության ներկակացուցիչների և հասարակության մոտ այլ լինեն: Այլ բան կլինի, եթե կտրուկ փոփոխությունները լինեն միայն ոչ նախարարների մակարդակով, այլ ավելի առանցքային, վարչությունների պետերի մակարդակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան