Գլխավոր դատախազի թեկնածու. «Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը»
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ ասաց, որ բոլոր քննադատություններին ըմբռնումով է մոտենում, դրանցից հատկապես առաձնացնում է առողջ ու օբյեկտիվ քննադատությունները:
Նրա խոսքերով՝ հետագայում, եթե ընտրվի գլխավոր դատախազի պաշտոնում, այդ քննադատություններից յուրաքաչյուրն արժանանալու է ուշադրության. «Իմ եզրափակիչ խոսքում կանդրադառնամ որոշ հարցադրումների, իսկ իմ վերաբերմունքին դուք ականատես կլինեք իմ հետագա գործունեության ընթացքում»:
Անդրադառնալով Հարսանքարի գործով իր հասցեին հնչող քննադատություններին՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը: Քրեական գործի նյութերը հրապարակվել են, մենք այդ գործով ապահովել ենք հանրության պահանջը, գործով օբյեկտիվ որոշումների կայացումը»:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ինքը մշտապես պաշտոնի բարձրացում է ունեցել, գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ այդ հարցով ճիշտ հասցեատերն ինքը չէ, պետք է հարցերն ուղղել նրանց, ովքեր բարձրացրել են իր պաշտոնը:
Դիտարկմանը, թե Հայաստանում խաղի այլ կանոններ են գործում, արդյո՞ք իր համար աշխատելը դժվար չի լինելու, Արթուր Դավթյանն ասաց. «Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա ՀՀ օրենքն է»:
Հարցին՝ կարո՞ղ է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, դատախազի թեկնածուն պատասխանեց. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան