Մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ. Էդուարդ Շարմազանով
«Մենք այս դահլիճում ընտրում ենք ՀՀ գլխավոր դատախազին, ամեն ինչից խոսեցինք, բացի բուն հարցից: Մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ պատգամավորներն իրենց ելույթներում ամեն ինչը կապեցին գլխավոր դատախազի ապագա ընտրության հետ:
«Պետք չէ անձնավորել»,- նշեց նա:
Անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործունեությանը, Էդուարդ Շարմազանովը նշեց ասվել է, թե ինչն է նրա հրաժարականի պատճառը: «Պաշտոնական վերսիա է: Հնարավոր չէ՞՝ մարդն առողջական խնդիրների պատճառով հեռանա: Իմ մոտ այն տպավորությունն է, որ ոչ թե Ազգային ժողովում ենք, այլ բժշկական լաբորատորիայում կամ բժշկական կոնսիլիումում: Գևորգ Կոստանյանին առողջություն ենք մաղթում ու շուտափույթ ապաքինում, որպեսզի իր ուժն ու եռանդը օգտագործենք այլ ոլորտներում»,,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նրա բնորոշմամբ՝ նախկին դատախազը կիրթ, նորմալ, սկզբունքային անձնավորություն է և իր կառավարման ժամանակաշրջանում գլխավոր դատախազությունը բազում դրական արդյունքներ է ապահովել:
Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Երեկ լսել եմ բոլոր ելույթները, հարցուպատասխանը և հասկացա մի բան՝ գործ ունենք մի մարդու հետ, ով պրոֆեսիոնալ է, գործ ունենք սկզբունքային գործչի հետ, մարդ, ով տիրապետում է դատախազության «պլյուսներին և մինուսներին», գիտի իր վրա դրված պարտավորությունները, սպասելիքները և այն ճանապարհը՝ ինչպես պետք է լուծել և դիմակայել այդ խնդիրներին»:
Ըստ Է.Շարմազանովի՝ ինքը հեռու է այն մտքից, թե դատախազությունում խնդիրներ չկան: Նա առաջարկեց համեմատել դատախազության այսօրվա վիճակը 10-20 տարի առաջ տիրող վիճակի հետ:
«Կա՞ առաջընթաց, թե՞ չկա: Իհարկե, կա : Թեկնածուն հանրամատչելի հայերենով ներկայացրեց այն ծրագիրը, որով ինքը ընտրվելու դեպքում կառավարելու է գլխավոր դատախազությունը: Եկեք խոսենք նրա մասին՝ բավարարո՞ւմ են մեզ նրա ծրագիրը, տեսլականը, գիտելիքները, կարող է այդ մեծ բեռը տանել: Սրա մասին է պետք խոսել»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը պատգամավորներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը: Նա հաջողություն մաղթեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին՝ վստահություն հայտնելով, որ օրենսդիրը օժանդակելու է նրան իր հնարավորությունների և օրենքով իր վրա դրված լիազորությունների շրջանակներում:
Շարունակությունը՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան