Չեմպիոնների լիգա, «B» խումբ, 1-ին տուր
«Նապոլիի» հետ խաղում կիևյան «Դինամոյի» հիմնական կազմում անսպասելիորեն հայտնվեց 18-ամյա կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը։ Գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովի որոշումն իրեն արդարացնում էր մոտ կես ժամ։ Նա մասնակցեց նաև թիմի գոլային գրոհին. Անդրեյ Յարմոլենկոն գնդակն ուղարկեց դեպի հեռավոր դարպասաձողը, Ցիգանկովն այն փոխանցեց Գարմաշին, և վերջինս գրավեց դարպասը։ Կիևցիները հաջող սկսեցին հանդիպումը, սակայն երկրորդ կեսում թուլացան։ Նեապոլյան թիմի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկն ապացուցեց, որ պատրաստ է փոխարինել «Յուվենթուս» տեղափոխված Գոնսալո Իգուաինին։ Նա 10 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց. նախ գլխի հարվածով գոլ խփեց եզրից կատարված փոխանցման արդյունքում, իսկ այնուհետև կարողացավ հասնել հետ մղված գնդակին։
Ռեբրովի մշակած խաղային պլանն աղբաման նետվեց, իսկ «Դինամոյի» համար ծանր իրավիճակ ստեղծվեց երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ մրցավարը հանդերձարան ուղարկեց Սերգեյ Սիդորչուկին։ Կիսապաշտպանը հեռացվեց կեղծարարքի համար։ Նա հույս ուներ, որ կկարողանա 11 մետրանոց հարվածի իրավունք «պոկել»։ 10 հոգով կիևցիները ոչ մի վտանգավոր պահ չստեղծեցին։
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռույ Վիտորիան կարծիք էր հայտնել, որ իր թիմը պատրաստ է նույնիսկ Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար պայքարել։ Պորտուգալացի մասնագետի խոսքերը նշանակում էին, որ նա «Բենֆիկային» ֆավորիտ է համարում «Նապոլիի», «Դինամոյի» ու «Բեշիկթաշի» հետ մրցակցությունում։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում լիսաբոնյան թիմը հյուրընկալել էր «Բեշիկթաշին»։ Խաղի մեծ մասի ընթացքում ամեն ինչ դասավորվում էր հօգուտ «Բենֆիկայի»։ Դաշտի տերերը, իհարկե, Չեմպիոնների լիգայում հաղթողի տպավորություն չթողեցին, չհասան ինչ-որ «խելագար» վիճակագրության, սակայն արագ գոլ խփեցին։ Թիմի արգենտինացի նորեկ Ֆրանկո Սերվին գնդակը դարպասն ուղարկեց իր համերկրացու՝ վնասվածքից ապաքինված կիսապաշտպան Էդուարդո Սիլվիոյի հարվածից հետո։ Նվազագույն առավելությունը «Բենֆիկան» պահպանեց մինչև 90+3 րոպեն, բայց այդ թիմի նախկին ֆուտբոլիստ Անդերսոն Տալիսկան փոխհատուցված ժամանակում «Բեշիկթաշին» փրկեց պարտությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա