Տիտո Ռամալյո. «Բացահայտեցինք այն մեծ ցավը, որի միջով անցել է Հայաստանը»
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության անդամներն ու ֆուտբոլիստներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանցի» ֆուտբոլիստ Սոսլան Կաչմազովն այցելությունից հետո ընդգծել է, որ կարդացել էր Հայոց ցեղասպանության մասին և իր համար հետաքրքիր էր այս այցելությունը:
«Շատ տխուր է, որ այս ամենը տեղի է ունեցել: Նայեցի կադրեր ու լուսանկարներ և չէի հավատում, որ մարդիկ ունակ են նման բաների: Ցանկանում եմ, որ նմանատիպ թանգարաններ աշխարհի ոչ մի հատվածում այլևս չստեղծվեն: Չեմ կարող ասել, որ ինձ դուր եկավ. այդ բառը տեղին չէ: Պարզապես ուրախ եմ, որ իմացա այս ողբերգության առաջացման պատճառների մասին, իմացա փաստեր, իմացա ճշմարտությունը»,- նշել է ռուս ֆուտբոլիստը:
«Բանանցի» երիտասարդ ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանն էլ կարևորել է այս այցելության ուսանելի բնույթը:
«Ինձ դուր եկավ օտարեկրացի մարզիչների և թիմի ֆուտբոլիստների հետ այստեղ այցելելու մտահղացումը: Հայ ֆուտբոլիստներս, բնականաբար, լավ գիտենք Հայոց ցեղասպանության պատմությունը, սակայն կային բաներ, որոնք անգամ մեզ համար էին ուսանելի»,- ասել է Համբարձումյանը:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն, ով նախկինում նշել էր, որ Հայաստանում անցկացրած իր ամենատպավորիչ օրը եղել է Ծիծեռնակաբերդ կատարած իր այցելության օրը, թանգարանից դուրս գալուց հետո կրկին խոսել է իր մոտ առաջացած զգացմունքների մասին:
«Շատ հետաքրքիր և զգացմունքային այցելություն էր: Բացահայտեցինք այն մեծ ցավը, որի միջով անցել է Հայաստանը, ավելի լավ ճանաչեցինք մեզ շրջապատող մարդկանց և սկսեցի հասկանալ նրանց աշխարհայացքը, զգացմունքները և մտածելակերպը»,- նշել է իսպանացի մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա