«Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցադրություն՝ նվիրված անկախության 25 ամյակին
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: Այս մասին հաղորդում են թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից:
Կուտինայի հայկական հախճապակու արվեստը (տասնվեցերորդ դարի սկզբից մինչև քսաներորդ դարի սկիզբ) դրոշմված է առանձին գեղարվեստական ինքնատիպությամբ և ստեղծագործականությամբ։
Կուտինայի հախճապակու արդյունաբերությունը ծաղկեց ավելի քան չորս դարերի ընթացքում, և այսօր Կուտինայի հախճապակու բազմաթիվ նմուշներ պահվում են մասնավոր և հանրային տարբեր միջազգային հավաքածուներում:
Այս ցուցադրության նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու դարավոր ավանդույթի հետազոտմանը և հանրահռչակմանը։ Հախճապակե նմուշները, որոնք ցուցադրված են թանգարանում փոխառնված են Հայաստանի երկու պետական թանգարանների հավաքածուներից (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից) և երկու մասնավոր հավաքածուներից (Գարագաշեան և Մինասեան ընտանիքների)։
Ցուցադրությունը կգործի սեպտեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը ամեն օր` բացի չորեքշաբթի օրվանից։