«Չե ՛մ հավատում». Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Նանման» ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների համար ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում երկիրը, եթե տնտեսության որևէ ոլորտ հայտարարել է որպես գերակա, կարող է արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնց կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները կամ հումքը չեն արտադրվում ԵՏՄ տարածքում, բայց կարևոր է իր տնտեսության առաջընթացի ապահովման համար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել երեք նոր աշխատատեղ՝ միջինը 78 հազար դրամ միջին աշխատավարձով, ներդնել շուրջ 13,5 մլն դրամ:
Արծվիկ Մինասյանը նաև ներակայացրեց, թե այս գործիքի կիրառմամբ որքան ներդրումային ծրագրեր են հավանության արժանացել: Մասնավորապես, ըստ նրա, հավանության են արժանացել 77.57 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակներում նախատեսվում է ստեղծել 1700 աշխատատեղ:
Տարեվերջին, ըստ նրա, կներկայացնեն, թե այս նախատեսված աշխատատեղերից և ներդրումներից որքանն է փաստացի իրականացվել:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ փաստաթղթերի լրացման ընթացքում շատ ուշադիր պետք է լինել:
«77 մլն-ի դիմաց՝ 1700 աշխատատեղը, և այս 10 մլն-ի դիմաց՝ 3 աշխատատեղի միջև ինչ-որ անհամաչափություն կա, բայց սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հաջորդ հարցը վերաբերում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելուն: «Շանթ» ՍՊԸ-ն («Շանթ» հեռուստաընկերություն) նախատեսում է վերազինել իր ամբողջ համակարգը և HD թվային հեռարձակման նոր արբանյակային հեռարձակում ապահովել: Ընդհանուր ներդրումային ծրագիրը, ըստ Արծվիկ Մինասյանի, կազմում է 2.45 մլրդ դրամ: Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ. 2016թ. համար միջին աշխատավարձը կկազմի 190 հազար դրամ, 2017թ-ին՝ 195 հազար դրամ, 2018 թ-ին՝ 200 հազար դրամ:
Նա նաև հայտնեց, որ այս ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու որոշումից , որը գործում է 2009 թ-ից, այս պահի դրությամբ օգտվել է 65 ընկերություն, նախատեսված է եղել 6688 աշխատատեղ, այս պահին մոնիտորինգային արդյունքը գնահատել է 5025 ստեղծված աշխատատեղ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ եթե մոնիտորինգ է արվում, թե որքան աշխատատեղեր են նախատեսված եղել և որքանն են ստեղծվել, զուգահեռաբար հնարավո՞ր չէ հասկանալ, թե որքան գումար է վերադարձվել, արդյոք համակարգ կա:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ որպես այդպիսին՝ համակարգ չունեն, նոր են ձևավորում: «Երկու պատճառով չունենք: Առաջինը՝ ընկերությունում այցելությունը դիտվում է՝ որպես ըստ էության միջամտություն: Դրա համար մենք հարցումների միջոցով փորձում ենք պարզել»:
«Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Մենք կառույց ունենք: Իմիջիայլոց, անդրադառնալով այն հանձնարարականներին՝ ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել: Ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքն իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ առումով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձև արեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Այնուհետև վարչապետը հետաքրքրվեց, թե «Նանման» ընկերությունը ինչքա՞ն ժամանակ է ծախսել, մինչև ստացել է այս արտոնությունը:
«Մոտավորապես մեկ շաբաթ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
«Չեմ հավատում»,- հակադարձեց վարչապետը և կոնկրետացնելով իր հարցը՝ նշեց, որ ուզում է իմանալ, թե որքան ժամանակ առաջ են դիմել, քանի օր է տևել թղթարարությունը, սակայն Արծվիկ Մինասյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով այս պահին չի կարող ասել, լրացուցիչ կտեղեկացնի:
«Ինչո՞ւ, պարոն Մինասյան: Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք, Դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որևէ մեկն իրենց չխոչընդոտի: 1 մլն 500 հազար դրամ արտոնություն է խնդրում, երևի մի 7 ամիս նամակագրություն է գրել: Մենք պետք է այդ ամեն ինչը դասակարգենք և կանոնակարգենք այնպես, որ այս վիզաների, ստորագրությունների բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում այստեղ»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան