Կարմիր բլրի պեղումների ժամանակ հայտանբերվել է 281 դամբարան
Կարմիր բլուրում ավարտվել են պեղումները և բացառիկ հայտնագործություններ են կատարվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանը:
«Թեյշեբաինի դամբարանադաշտում կամ ինչպես ժողովուրդն է ասում Կարմիր բլուրում պեղումները սկսվել են 2015-16 թվականներին: Այդ հատվածով պետք է անցներ Երևանը շրջանցող Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհը, որտեղ մեծ քանակությամբ շինարարական աղբաշերտ կար: Պեղումների պատվիրատուն քաղաքապետարանն է եղել»,-նշեց հնագետը:
Նրա խոսքով՝ պեղումների արդյունքում հայտանբերվել է 281 դամբարան. «Այդ տարածքում գերխիտ թաղումներ են եղել, որոնք որ բնորոշ են ժամանակակից քաղաքաշինական նորմերին: Յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի վրա մեկ դամբարան է եղել: Այստեղ եղել է նաև նորածին մանուկների թաղումներ, ինչը բնորոշ է բարձր քաղաքակրթություն ունեցեղներին»:
Հակոբ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ի տարբերություն Էրեբունիի, որի բնակչությունը տեղափոխված էին Ծոփքից, Թեյշեբանիի բանկիչները տեղաբնակներն են եղել, որի մասին վկայում են ամբողջ մշակույթն ու թաղման ծեսը:
«Այս պեղումները բացահայտեցին այն իրավիճակը, թե ովքեր են բնակվել այնտեղ, ինչ հավատալիքներ, ծիսակարգ են ունեցել: Օրինակ կանայք ինչ տիպերի զարդեր են կրել, ինչիպիսի կոշիկներ են կրել: Մենք ունեցանք զենքերի հսկայական արսենալ: Այսպիսով ժամանակակից մեթոդներով, ԴՆԹ-ով կարող ենք պարզել Թեյշեբաինի բնակիչների գենետիկան: Ատամնաքարի հետազոտության միջոցով անգամ կարող ենք պարզել թե ինչ սնունդ են նրանք օգտագործել, ինչ հիվանդություններ են ունեցել»,-նշեց նա:
Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենն ընդգծեց, որ անհրաժեշտ է ինչպես Էրեբունիի տարածքում է, այնպես էլ Կարմիր բլրի տարածքում թանգարան կառուցել:
«Գտածոների ԴՆԹ հետազոտությունները խիստ թանկարժեք հաճույք են, սակայն հույս ունենք, որ մեր կառավարությունը գոնե կկարողանա հոգալ կամ բարերարներ գտնել դա իրականացնելու համար: Մեր ուժերի սահմաններում արդեն հիսուն փորձանմուշ ենք ուղարկել հետազոտության, 25-ը՝ Կոպենհագեն, 25-ն էլ ուղարկել ենք Բոսթոն, իսկ պատասխանները խոստացել են, որ կլինեն մինչև հոկտեմբերի սկիզբ»,-ասաց հնագետը:
Նա հավելեց նաև, որ ներկայումս այդ տասնյակ հազարավոր գտածոները փաստագրված պահվում են իրենց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի պահեստարան-սենյակներում. «Մեր նախնական հաշվարկներով միայն փորձանմուշների վերականգնման համար, որպեսզի դրանք դառնան թանգարանի ցուցանմուշ, անհրաժեշտ է նվազագույնը 50 մլն դրամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան