ՀԿՏԿ-ն իրականացնում է DDoS հարձակումներից պաշտպանվելու վերաբերյալ խորհրդատվություն
Հաշվի առնելով վերջին օրերին ստացված տեղեկություններն այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 19-22-ը մի շարք ադրբեջանական և թուրքական հակերային խմբերի կողմից հայաստանյան որոշ լրատվական կայքերի ուղղությամբ հարձակումներ են ծրագրվում, ինչպես նախկինում այս անգամ ևս ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» (ՀԿՏԿ) իրականացնում է խորհրդատվություն լրատվական կայքերի՝ ապօրինի միջամտություններից պաշտպանության վերաբերյալ:
Կենտրոնից հայտնում են, որ DDoS հարձակումներից պաշտպանվելու վերաբերյալ վարպետության դասը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ ArmSec տեղեկատվական անվտանգությանը վերաբերող կոնֆերանսի շրջանակներում: Միջոցառումը կկայանա ժամը 16:00-17:40-ը՝ Ամերիկյան Համալսարանի նոր մասնաշենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 40, 113 W լսարան)։ Այս անգամ խորհրդատվությունը կիրականացնի ՀԿՏԿ փորձագետ Ռուբեն Մուրադյանը։
«Հավելենք, որ սեպտեմբերի 20-ի և 21-ին ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» կհերթապահեն համապատասխան մասնագետներ և կգործի թեժ գիծ՝ 060407040 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկությունների համար ևս կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: