ԴիջիԹեքն արտոնյալ պայմաններ է տրամադրում նորաստեղծ ընկերություններին
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչները ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը` վերջիններիս տրամադրելով ֆինանսական զգալի արտոնություններ:
ԻՏՁՄ Հանրային կապերից տեղեկացնում են, որ ստարտափները հնարավորություն ունեն հանրությանը ներկայացնել իրենց ծառայություններն ու գաղափարները, գործարար հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, զարգացնել իրենց ընկերությունները: Պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել Digitec.am:
Արդեն 12-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում այս տարի իրենց լուծումներն ու առաջարկները կներկայացնեն տեղական և միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն: Ակնկալվում է շուրջ 60 000 այցելուների մասնակցություն:
ԴիջիԹեքի ցուցահանդեսային հատվածից բացի տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝
• «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:
• Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից մեկի՝ «МОРТОН»-ի հետ։
• «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 150 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:
• «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:
• DigiLife սեմինարներ
• ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև՝
Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4
Հայաստանի ինտերտետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5
Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: