Մարզահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի. Արման Սահակյան
Ինչպես միշտ այսօր էլ, կարծում եմ, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պետք է մասնավորեցվի, որովհետև այդ շենքը պահելը պետության համար բավականին մեծ ծախսեր է ներկայացնում,-Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Նա նշեց, որ ժամանակին համալիրն ուներ ներդրող, սակայն գումարները փաստացի չվճարելու պատճառով գույքը հետ վերցվեց, դատական պրոցեսներով սեփականության վկայականները փոխվեցին, այժմյան կարգավիճակն է՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն իրենց գերատեսչության ենթակայության տակ:
Ա. Սահակյանի խոսքով, այժմ Մարզահամերգային համալիրն «ինտենսիվ աշխատում է»:
«Համալիրը տարվա մեջ աշխատում է ընդամենը երկու-երեք ամիս, համերգները հիմնականում լինում են գարնանը կամ աշնանը: Այդ վճարների արդյունքում կարողանում ենք իրականացնել պահպանման ծախսերը, մի փոքր էլ բյուջեից է տրամադրվում, որպեսզի աշխատավարձերի վճարման հետ կապված պարտքեր չկուտակվեն»,- ասաց պետական գույքի կառավարման վարչության պետը:
Ըստ նրա խոսքի՝ սնանկացման գործընթաց կար, սակայն առանց շարժական գույքի՝ երաժշտական տեխնիկա, լուսային էֆեկտներ, աթոռներ, չի կարղ գոյատևել համալիրը:
«Կարծում եմ՝ առաջիկա նիստերից մեկում կառավարությունը կմասնակցի սննանկության գործընթացում ներկայացված աճուրդին և շարժական գույք ձեռք կբերի համալիրի համար»,- նշեց նա: