Վարշավայում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի պատկերներով զգեստների ցուցադրությունը
Սեպտեմբերի 14-ին ՀՀ Անկախության 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի պատկերներով զգեստների ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի կողմից՝ Լյուբլինի Սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի և դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է հայկական գորգագործության ավանդույթները, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկությունները:
Վարշավայում բնակվող հայազգի պարուհի Գայանե Կալեմդարյանը և երգչուհի Սոնա Մաթևոսյանը իրենց կատարումներով ցուցադրության մասնակիցներին ներկայացրել են նաև հայկական ժողովրդական պարարվեստը ու երգարվեստը: