Եվս 2 բրոնզե մեդալ` Վրաստանից
Թբիլիսիում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ. աշխարհի պատանեկան առաջնությունը: Ստուգատեսի մրցումային 2-րդ օրը մեդալներ խաղարկեցին 42, 46, 69, 76 և 85 կգ քաշային կարգի 98 ըմբիշներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցագորգ դուրս եկած մեր 5 պատվիրակներից 3-ին հաջողվեց հաղթահարել նախնական փուլերի արգելքներն ու իրավունք նվաճել պայքարելու բրոնզե մեդալի համար: Եզրափակիչ ակորդը Գագիկ Խաչատրյանի սաների համար հաջող ստացվեց:
Նրանցից երկուսը՝ պատանիների 2016 թ. Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն (69 կգ) ու 85 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Հակոբ Բաղդասարյանը 3-րդ տեղի համար պայքարում 8:0 և 3:1 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար բելառուս Արտյոմ Վոլոսկովիչին և ադրբեջանցի Թեհրան Ամինզադեին ու արժանացան բրոնզե մեդալի: 42 կգ քաշային կարգում 3-5-րդ տեղերը վիճարկող Հայկ Ասատրյանը համառ պայքարում 6:8 հաշվով զիջեց ադրբեջանցի Զաուր Ալիևին ու այս անգամ բավարարվեց 5-րդ տեղով:
Այս առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու 10 պատվիրակներից 3-ին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել, որն էլ թույլ տվեց Գագիկ Խաչատրյանի ղեկավարած թիմին 33 երկրի 203 ըմբիշների թիմային պայքարում միավորների հաշվարկով գրավել 5-րդ տեղը: Առաջին տեղը 68 միավորով զբաղեցրեց Իրանի ընտրանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա