Նորանշանակ վարչապետի առաջին հանձնարարականները
ՀՀ կառավարության այսօրվա նիստը նորանշանակ վարչապետը սկսեց հանձնարարականներով:
Առաջին հանձնարարականն առնչվում էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ստեղծում է նոր հանձնաժողովներ, բայց այս պահին ցանկանում է Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարականը ձևակերպել:
«Առաջին հերթին՝ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում: Երկրորդ՝ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը և գործունեության թափանցիկության ապահովումը»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս գործողությունները պետք է կատարվեն առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու:
«Աշխատակազմին նախապատրաստել ավելի մանարամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու: Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը»,- նշեց վարչապետը:
Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր սոցիալական խնդիրներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկային և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկեց համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
«Խոսքը վերաբերում է նրան, որ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինն ի հաշիվ այլ սպառողներին՝ տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար: Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կարվի և այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայություններն են մատուցում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան