Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն արդեն դիտել է 235 հազար մարդ
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը մեկուկես ամսում ունեցել է 235 հազար այցելու: Ռիա նովոստիի հաղորմամբ, այս մասին տեղեկացնում են ՌԴ մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ մեկ ամսում ցուցահանդեսն ունեցել էր 150 հազար այցելու:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին, կգործի մինչև նոյեմբերի 20-ը: Ցուցահանդեսի շրջանակում հանրությունն առաջին անգամ ներկայացվում է «Կովկասի ափերին» վերականգնված կտավը:
Հիշեցնենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն մեկ ամսում ունեցել է 150 հազար այցելու
- Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Սերովի ցուցահանդեսին
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկու ցուցահանդեսի ավելի քան 45 հազար տոմս է վաճառվել
- Հինգ պատճառ և ավելին՝ թե ինչու պետք է այցելել Այվազովսկու ցուցահանդեսը
- Տրետյակովյան պատկերասրահը Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի 17 հազար տոմս է վաճառել նախքան բացումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին