«Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ»
Ժուռնալիստ, ֆելիետոնիստ, գրող, հրապարակախոս, դրամատուրգ, թարգմանիչ… Այս բոլորը մեկ մարդու մասին է՝ Արտաշես Քալանթարյան:
Այսօր Արտաշես Քալանթարյանի ծննդյան օրն է…85 տարեկան:
«Այս օրը մենք պարտադիր նշում էինք տանն իր ընկերների ներկայությամբ: Մոտ 20 հոգու կարողանում էինք տեղավորել: Նշում էինք երգով, պարով, արտասանելով»,- Panorama.am-ի հետ զրույցում հիշեց Արտաշես Քալանթարյանի կինը՝ Ջուլիետա Քալանթարյանը:
Իսկ այսօր նրա ծննդյան օրը նշվելու է բեմադրության պրեմիերայով. Պատանի հանդիսատեսի թատրոնում կայանալու է առաջնախաղ. բեմ է բարձրանալու Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը: Բեմադրությունն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
Տիկին Ջուլիետան այսպես է ներկայացնում իր ամուսնուն. «Հրաշալի մարդ, հրաշալի ամուսին, հրաշալի հայր և պապ: Տեսավ իր յոթ թոռներին:
Նա իր կյանքի վերջին քսան տարին ամեն տարի գնում էր առողջարան՝ սրտի համար: Գնում էինք, մեկ շաբաթ չէր անցնում, ասում էր՝ առանց երեխաների չեմ դիմում, տուն էր վարձում ու կանչում երեխաներին:
Մեր առաջին թոռնիկին՝ Լիլիթիս, չգիտեմ ինչ ձևով էր նայում: Մի տարի եղավ, որ նրա գործերը միաժամանակ բեմադրեցին և Կրակովում, և Ռոստովում: Թոռնիկս երեք տարեկան էր, նրան էլ տարանք մեր հետ, ասում էր՝ առանց իմ Լիլիթի չեմ գնա»:
Խոսելով Ա. Քալանթարյանի թողած գրական ժառանգության մասին՝ Ջ. Քալանթարյանն ասաց, որ պիեսներն իրենց արդիականությունը երբեք չեն կորցրել ու չեն կորցնի, բեմադրվել են և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
««Իսկ դո՞ւք որտեղ էիք» վերջին գրքի հիման վրա մի ռեժիսոր ցանկացավ սերիալ նկարահանել, հոյակապ սերիալի նյութ է, սակայն մշակույթի նախարարությունը չօգնեց, ոչ էլ գտավ մեկին, ով կաջակցեր»,- ասաց տիկին Ջուլիետան:
Նա հիշեց, որ Ա.Քալանթարյանի «Մարաթոն» (1969) վեպը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ որոշ մարդիկ իրենց էին տեսնում այդ կերպարներում, իհարկե, բացասական:
«Ինձ ու շատերին դուր է գալիս «Հանրապետության օրինակելի քաղաքացին» գործը: Գրքում դեպքերը, գործողությունները տեղի են ունենում արտասահմանում, քանի որ այլ կերպ այդ գործը չէր տպվի»,- ասաց Ջ. Քալանթարյանը:
Նրա խոսքով, Արտաշես Քալանթարյանն իր ժուռնալիստական կարիերան սկսել է ֆելիետոնից:
«Գրում էր ֆելիետոններ, նկարներով, ամեն տեղեկատվություն ճշտված: Եղել են դեպքեր, որ իր վրա ատրճանակ են պահել, որովհետև գրում էր գործարանի դիրեկտորի, ինժեների մասին: Դրանք էլ անպայման քաղկոմում, կենտկոմում ծանոթներ էին ունենում: Փոխանակ ֆելիետոնի հերոսի հարցերը քննեին, Արտաշեսին էին հարցաքննում, թե ինչու է նրան ընտրել, ով է այդ տեղեկությունը տվել, ինչի հիման վրա ես գրել»,- նշեց տիկին Ջուլիետան՝ հավելելով, որ Արտաշեսը ֆելիետոնիստ լինելով՝ շատ է տուժել իր կյանքում:
«Նույնիսկ նրան աշխատանքի վերցնելու հարց է եղել, կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչն ասել է՝ վախենում եմ նրան վերցնել, որովհետև ճիշտ խոսող, երեսին ամեն ինչ ասող մարդ է»,- ասաց Արտաշես Քալանթարյանի կինը:
Ջուլիետա Քալանթարյանի հուշերից
Նրա խոսքով, Արտաշեսն իր բնույթով այնպիսի մարդ էր, որ երբևէ մեջտեղ չէր ընկնում, չէր ցուցադրում իրեն, իր համար աշխատում էր՝ հասկացողը հասկանում է, գնահատողը գնահատում:
«Ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ հիմա կառավարության կողմից երբևէ ուշադրության չի արժանացել: Շատ գրողների ամյակերի առիթվ հաղորդումներ են պատրաստում, խոսում, շնորհավորում: Արտաշեսի մասին ոչ մի խոսք: Գուցե նրանից է, որ մենք էլ չենք դիմում ինչ-որ մեկին: Մենք գտնում են, որ պետք չէ գնալ ու ինչ-ոչ մարդկանց բաներ խնդրել»,- իր խոսքը եզրափակեց Ջուլիետա Քալանթարյանը:
Ա. Քալանթարյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր։
Պարբերականներում տպագրել է ֆելիետոններ, որտեղ ծաղրել է բյուրոկրատիզմը, քծնանքը, պարծենկոտությունը և հասարակարգին հատուկ այլ թերությունները։ Գրել է հրապարակախոսական սուր հոդվածներ, պատմվածքներ։ Մտերմություն է արել ժամանակի խոշորագույն արձակագիրներ, բանաստեղծներ Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Պարույր Սևակի և այլոց հետ։ Իբրև գրող Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը և ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:
Ա. Քալանթարյանը մահացել է1991 թ. Երևանում:
«Արտաշես Քալանթարյանի վերջին հրատարակված ստեղծագործությունը «Իսկ դո՞ւք որտեղ էիք» վեպն է: Այն ինչ–որ չափով ինքնակենսագրական է, հերոսը ժուռնալիստիկայի ֆակուլտետ ավարտած և հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկի թերթում աշխատանքի նշանակված Զավեն Շարաֆյանն է: «Իսկ դո՞ւք որտեղ էիք» հարցը որպես լեյտմոտիվ հնչում է ամբողջ վեպի ժամանակ: Ի՞նչ անել, աչքերը փակել անօրինությունների, «խոշոր չափերի հասնող հասկանալի ու անհասկանալի հանցագործությունների դեմ», գլուխը թաքցնել ավազի մե՞ջ, ալիբի՝ այլուրեքությո՞ւն ապահովել... որ երբ մի օր կանգնես ահեղ դատաստանի առջև, երբ մի օր պատասխան պահանջեն ու հարցնեն՝ «Իսկ դո՞ւք որտեղ էիք», հանգիստ խղճով ներկայացնես ալիբիդ ու ասես. «Ես նրանց հետ չեմ եղել, հանցանք չեմ գործել, ահա՝ ալիբի ունեմ...»:
Թե՛ ստեղծագործական, և թե՛ ամբողջ կյանքով՝ Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ: Ու եթե ահեղ դատաստանի օրը իսկապես հարցնեն, թե՝ «Իսկ դո՞ւք որտեղ էիք», ամենայն վստահությամբ կարող է ասել. «Այնտեղ ենք եղել... տեղում ենք եղել, դեպքի վայրում: Եվ մեր ձեռքից եկածի չափով, մեր ուժերի ու հնարավորությունների չափով ամեն ինչ արել ենք, որպեսզի պակասի հանցագործությունների թիվը, պակասի չափը... Որպեսզի չարիք գործողները հանգիստ ու ապահով չզգան իրենց ու նրանց չօրորի անպատժելիության գաղափարը»:
Այս սկզբունքին համաձայն է ապրել ու ստեղծագործել Արտաշես Քալանթարյանը, այս սկզբունքներն է պատգամել իր ստեղծագործությունների միջոցով շարունակում է պատգամել իր ընթերցողին»,- գրել է Արտաշես Քալանթարյանի որդին՝ Ալեքսանդր Քալանթարյանը:
Լուսանկարները՝ Artashes Kalantarian ֆեյսբուքյան էջից:
Տեսանյութերը՝ kalantarian.org կայքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին