Բունդեսթագի նախագահ Լամմերտը ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձևին
Այսօր Ստրասբուրգում շարունակվեց նախօրեին մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների խոսնակների և նախագահների Եվրոպական գագաթաժողովը։
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտն այսօր հանդես եկավ ելույթով՝ «Խորհրդարանների մոբիլիզացիան ընդդեմ ատելության՝ ներառական և ոչ ռասիստական հասարակության համար» թեմայով։
Լամմերտն իր ելույթում նշեց, որ այսօր շատ երկրներում քաղաքական գործիչները, լրագրողները և իրավապաշտպանները դառնում են ատելության, սպառնալիքների թիրախ։ Լամերտը ասաց, որ ծայրահեղ բևեռացման այս մթնոլորտում ֆանատիկները կարծում են, որ իրենք իրավունք ունենք արդարադատություն իրականացնելու։
Բունդեսթագի նախագահը խոսեց նաև Գերմանիայում ծայրահեղականության ու ատելության մթնոլորտի աճի մասին։
«Ես կարող եմ ներկայացնել մի շարք ապշեցուցիչ օրինակներ, տարատեսակ ատելության և բռնության ելույթներ Գերմանիայում։ Սակայն կնշեմ այն դեպքը, երբ Բունդեսթագն հայերի նկատմամբ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը ճանաչեց որպես ցեղասպանություն և ընդունեց բանաձև, Բունդեսթագի անդամների նկատմամբ սկսվեցին ոչ միայն վերբալ սպառնալիքներ, այլ նաև ֆիզիկական հարձակումներ։
Պատգամավորներից շատերը ստիպված եղան դիմել ոստիկանության պաշտպանությանն այդ ժամանակ, քանի որ նրանք մշտապես սպառնալիքների էին ենթարկվում»,-ասաց Լամմերտը՝ նշելով նաև, որ տեղի ունեցածում որոշակիորեն իր ներգրավվածությունն է ունեցել նաև այն ժամանակ Գերմանիայի կայսրությունը։
Լամմերտն ընդգծեց, որ ատելության դեմ պայքարը ազատ և ժողովրդավարական հասարակության պարտականությունն է։
«Մենք պետք է լինենք ամուր և բոլոր հանգամանքներում պայքարենք ատելության, նախապաշարմունքների և բռնության կոչերի դեմ»,-եզրափակեց Լամմերտը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան