Իրանում կներկայացվեն հայկական ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից
Հայաստանի զարգացման հիմնադրամը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-8-ը՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում: «Հայաստան Էքսպո 2016»-ը («Armenia Expo 2016») կազմակերպվել է Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
«Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵԱՏՄ մեր անդամակցությամբ: Միաժամանակ, նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
« ՀՀ կառավարությունը կարևորում և առաջնային է համարում Իրանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը և արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։
«Կարծում եմ՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի և իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Ժամանակի հրամայական է Հայաստանը դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու ցանկություն ունեցող երկրների և ընկերությունների
համար»,- նշել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:
«Հայաստան Էքսպո 2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, ՏՏ, բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների և այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ ու ծառայություններ։ Հայտերի ընդունումը շարունակվում է մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով (հեռ.՝ 011.597.800)։
Նմանատիպ ցուցահանդես կանցկացվի նաև Երևանում, որտեղ կներկայացվեն իրանական ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները: