«Տերտերյանի ժամանակը»՝ Երևանում և Գեղարքունիքում
Սեպտեմբերից 17-18-ին անցկացվելու է «Տերտերյանի ժամանակը» ամենամյա փառատոնը։ Կոմպոզիտորների միությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ փառատոնային երկու օրերի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Սեպտեմբերի 17-ին Ա․ Թամանյանի թանգարան-ինստիտուտում կներկայացվի «Ավետ Տերտերյանի տունը» ֆիլմը (ռեժ․՝ Ռ․Թամանյան):
Սեպտմբերի 18-ին, փառատոնն իր ընթացքը կշարունակի Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղում։ Ի դեպ, վայրի ընտրությունը պատահական չի եղել։ Հենց այդտեղ՝ Սևանի ափին գտնվող Հայրիվանք գյուղում է ստեղծագործել մեծանուն հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն իր կյանքի վերջին տարիներին:
Փառատոնային երկրորդ օրվա միջոցառումները կմեկնարկեն Հայրիվանք եկեղեցում՝ աղոթքով, ապա կկայանա Ավետ Տերտերյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը, որից հետո արվեստասեր հանրությանը կներկայացվի «Ա.Տերտերյանի կյանքն ու ստեղծագործությունը» երաժշտաթատերական ներկայացումը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ Տերտերյանի սիմֆոնիաներից, «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարքից, մնջախաղացները կներկայացնեն նրա սիրո պատմությունը և Բոսխ – Բրեյգելյան տեսարանները պարային էտյուդների միջոցով:
Փառատոնը կոչված է համախմբելու ժամանակակից ստեղծագործողներին` աշխարհի տարբեր վայրերից: «Տերտերյանի ժամանակը» փառատոնը հայ-ռուսական համատեղ նախագիծ է, որն առաջին անգամ անցկացվել է 2015թ. հուլիսի 29-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր և ուղղություններ:
Փառատոնի նախաձեռնողն է Սանկտ-Պետերբուրգի «Մշակույթ և ապագա» հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող այս փառատոնի համակազմակերպիչներ են Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում