Հայկական ակնաբուժություն նախագծի նոր ծրագիրը` Հայաստանի, Արցախի և հարևան երկրների ակնաբույժների համար
«Հաջորդ սերունդ» ծրագիրը Հայկական ակնաբուժություն նախագծի (ՀԱՆ) նոր նախաձեռնությունն է, որը նպաստելու է Հայաստանում շարունակական մասնագիտական կրթությանը: «Հաջորդ սերունդ» կրթական ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ-ի և Հայաստանի անվանի բժիշկների մասնակցությամբ:
Ծրագրում ընդգրկված են հետևյալ ոլորտները՝
1. եղջրաթաղանթ,
2. վիտրեո ռետինա,
3. գլաուկոմա,
4. պլաստիկ վիրաբուժություն,
5. մանկական ակնաբուժություն:
Դիմորդները պետք է ունենան՝
• կլինիկական օրդինատորի դիպլոմ,
• աշխատանքի որոշակի փորձ,
• անգլերենի բավարար իմացություն:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ այն դիմորդները, ովքեր կբավարարեն վերոնշյալ չափանիշներին, կընտրվեն որպես «Հաջորդ սերունդ» ծրագրի մասնակից: Ծրագիրը ներառելու է 7-8 ամիս տեւողությամբ կրթական փուլ և քննական գործընթաց:
Վերոնշյալ ոլորտների հայ և ամերիկացի մասնագետներից կազմված կազմկոմիտեն կգնահատի կրթական նյութերից մասնակիցների ստացած գիտելիքները և ձեռք բերած հմտությունները: Կազմկոմիտեն նաև կընտրի յուրաքանչյուր ոլորտի լավագույնին, ում և հնարավորություն կտրվի 2-3 ամիս տևողությամբ վերապատրաստում անցնել արտերկրում:
Հայաստանից և Արցախից, ինչպես նաև հարևան երկրներից հետաքրքրված ակնաբույժները պետք է լրացնեն հետեւյալ հայտը և ներկայացնեն ՀԱՆ-ի գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Այգեստան 5, տուն 7) կամ հետևեն հղմանը՝ հայտի էլեկտրոնային տարբերակը լրացնելու համար:
Հայտերն ընդունվում են 2016թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը: ՀԱՆ-ը կապ կհաստատի միայն ընտրված թեկնածուների հետ` վերջնաժամկետի ավարտից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում: