Նկարիչների միությունում բացվել է Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես
Ժամանակը երբեք չի կարող անդրադառնալ ստեղծագործողի վրա: Միևնույնն է՝ որպես իր խաչ, պետք է կրի, հաշվի չառնի՝ սոված է, տուն չունի, եթե ստեղծագործող է, պետք է ստեղծագործի,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, ում «Մանուշակագույն երազ» կտավը ներկայացված է Նկարիչների միությունում Անկախության 25-ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսում:
Նկարիչը համոզված է, որ ամեն մարդ, ամեն կառույց պետք է իր գործն անի, ամեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է:
«Ես չեմ կարող պոմիդոր կամ վարունգ վաճառել, կամ մեկ այլ բան անել: Ես կարողանում եմ նկարել ու եթե իմ աշխատանքը ինչ-որ մեկի դեմքին ժպիտ է առաջացնում, նշանակում է, որ իմ գործն արել եմ»,- ասաց Հ. Թադևոսյանը:
ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը ցուցահանդեսում ներկայացել է «Հնության վկայություն. 5500 տարվա կոշիկ» գեղանկարը: «Ես ուզում եմ այս կտավով ցույց տալ, որ մենք հազամյակների քաղաքակրթություն ունենք: Այո, այսօր 25 տարեկան է մեր պետությունը, բայց սա մեր պատմության ընդամենը մի փուլն է, նոր փուլը, իհարկե, հրաշալի փուլը»,- ասաց նկարչուհին:
Ա.Հարությունյանը տեղեկացրեց, որ այս կտավն ինքը նվիրելու է Իսպանիայի կոշիկի թանգարանին, որը գտնվում է Էլդա քաղաքում:
Երիտասարդ նկարիչ Ավետիք Հարությունյանը ցուցահանդեսում ներկայացրել է «Պայքար» խորագրով աշխատանքը: Նատյուրմորտ է՝ շինարարական գործիքներով: «Խորհրդանշում է այն, որ ամեն մարդ իր աշխատանքով, գործով կարող է պայքարել հանուն անկախություն»,- նշեց Ավետիքը:
Նրա ցանկությունն է, որ այսօր երիտասարդ ստեղծագործողների համար ճանապարհ հարթվի, որպեսզի իրենց դրսևորելու ավելի լայն հնարավորություն ունենան:
Ցուցահանդեսում ներկայացված է 200 աշխատանք: Աշխատանքների մեծ մասն արված են վերջին տարիներին:
«Սա մեր այս տարվա ամենագեղեցիկ, ամենանշանակալի ցուցահանդեսներից է, նվիրվում է մեր անկախության 25-ամյակին»,- ցուցահանդեսի բացմանը հայտարարեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի խոսքով, անկախության 25 տարիների կարևորագույն ձեռքբերումներից է նկարչական արվեստի հզոր զարգացումը:
«Կարող ենք ասել, որ մեր անկախ հանրապետությունն ունի նկարիչների հզոր, ուժեղ, գրագետ բանակ»,- ասաց Հ. Հակոբյանը:
Կ. Աղամյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից ընտրվելու են նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հայտարարած մրցույթի հաղթողները:
Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 27-ը: