«Վերջին բնակիչը» երկու ամսից կլինի մեծ էկրաններին
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 17-ից կլինի մեծ էկրաններին: Այն ներկայացվելու է երևանյան կինոթատրոններում: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի մասին ներկայացնող ֆեյսբուքյան էջից:
«Վերջին բնակիչը» Ջիվան Ավետիսյանի Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջին ֆիլմը՝«Թևանիկ»-ն էր: Ծագումով Արցախցի Ջիվան Ավետիսյանը մեծացել է՝ ականատես լինելով իր ընտանիքի և համագյուղացիների դիմակայած դժվարություններին և զրկանքներին: Վերջին տաս տարիների ընթացքում Ջիվանը նկարահանել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր Արցախի մասին՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել Արցախը և նրա հիմնախնդիրները:
«Վերջին բնակիչը» իր մեջ հզոր հաղորդագրություն է պարունակում ազգային պատկանելիության և այն մասին, որ անգամ պատերազմը չի կարող վերջ դնել նվիրական արժեքներին: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են անկախության սերնդի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ևս մեկ անգամ ընդգծում են խաղաղության համազգային և համամարդկային արժեքը:
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:
Նշենք, որ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Հարակից հրապարակումներ`
- Պրոդյուսեր. Մեր նպատակին կհասնենք, եթե ադրբեջանցիները քաջություն ունենան տեսնելու այն, ինչ նկարահանված է «Վերջին բնակիչը» ֆիլմում
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին