Բժիշկները մտավախություն ունեն, որ Դաքքայում արնաջրերի պատճառով համաճարակ կբռնկվի
Բանգլադեշի բժիշկները անհանգստանում են վտանգավոր համաճարակների բռնկումից այն բանից հետո, երբ երկրի մայրաքաղաքի փողոցները հեղեղվել են ջրերով՝ խառնված կենդանիների արյունով: Ինչպես գրում է BBC-ն, արնաջրերը գոյացել են մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնակատարության ժամանակ մորթված կենդանիների արյան և անձրևաջրերի խառնվելու հետևանքով:
Բժիշկներին հատկապես անհանգստացնում է արվարձաններում տիրող իրադրությունը, որտեղ արնաջրերը կարող են ընկնել ջրանցքներ և ջրատար խողովակներ:
«Կենդանիների արյունը, միառնված անձրևաջրերի հետ, անհանգստանալու առիթ են տալիս: Այն կարող է առաջացնել ջրով փոխանցվող ցանկացած հիվանդություն, այդ թվում՝ փորլուծություն, խոլերա, հեպատիտ, և այլն»,- ասել է պրեֆոսոր Հալեդ Նուրը Dhaka Tribune պարբերականին:
Տոնակատարության նախօրեին քաղաքային իշխանությունները բնակիչներին թույլատրել են կենդանիներին մորթել միայն նախատեսված հատուկ վայրերում, մինչդեռ քաղաքացիների մեծ մասը անձրևների պատճառով չի կարողացել հասնել նախանշված վայրեր: Արդյունքում՝ Դաքքայի բնակիչները կենդանիներին մորթել են ստորգետնյա ավտոկայանատեղիներում, ավտոտնակներում և նրբանցքներում, իսկ սպանված կենդանիների արյունը հոսել է անձրևով հեղեղված փողոցներով:
Ըստ տվյալների՝ վերջին օրերին Դաքքայում մորթվել է շուրջ 100 հազար կենդանի: