Շարմազանով. ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրական գործընթացներն ազգային անվտանգության առումով խիստ կարևոր են
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության նիստը` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ: Կարևորվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների անցկացման ժողովրդավարական բնույթը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նույն օրը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրական գործընթացներն ազգային անվտանգության առումով խիստ կարևոր են, և դա է նաև պատճառը, որ ՀԱՊԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կարևորում է ընտրությունների օրինական և թափանցիկ անցկացումը:
Կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ պետություններում ընտրությունները ժողովրդավարական արժեքներին համապատասխան անցկացնելը, ինչպես նաև բազմակարծության ու թափանցիկության ապահովումը: