«Լավ առումով նրանից վախենում էին». Զրույցներ Քալանթարյանի «Բումերանգ» պիեսի առաջնախաղից առաջ
Պատանի հանդիսատեսի թատրոնում նախօրեին կայացավ Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսի բեմադրության առաջնախաղը՝ նվիրված գրողի 85-ամյակին: Ալ.Քալանթարյանի դուստրը՝ Ալիսա Քալանթարյանը, նախքան մեկնարկն ասաց, որ «Բումերանգ»-ը եղել է գրողի ամենասիրած կատակերգություններից մեկը:
«Այսօր նա 85 տարեկան կդառնար: Ծննդյան օրերը միշտ անցել է ծիծաղի ներքո՝ առաջին պահից մինչև վերջին պահը: Սիրում էր նշել հարազատների, ընկերների հետ: Ուրախ եմ, որ այսօր էլ նրա ծննդյան օրը բազմամարդ է»,- նշեց Ալիսա Քալանթարյանը:
Բեմադրությունն իրականացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
«Երբ որ Կապանի թատրոնում պետք է իմ առաջին բեմադրությունն անեի, կանգ առա Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսի վրա: Երկար տարիներ չիջավ թատրոնի բեմից: Հաջորդեցին Քալանթարյանի՝ որպես դրամատուրգ, պիեսների բեմադրությունները տարբեր թատրոններում: Հիշելով նրա պիեսների հիման վրա արված բեմադրությունները՝ կարող եմ մի բան ասել, նաև նրանք, ովքեր ականատես են եղել, նա շատ ժողովրդական մարդ էր, նրա պիեսները, պատմությունները, դիալոգները, մենախոսնություններն այնքան տպավորիչ էին, բխում էին հանդիսատեսի հոգուց: Անկրկնելի հաջողություններ էին ունենում»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:
Արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանը, ով եղել է Արտաշես Քալանթարյանի մտերիմ ընկերներից, իր խոսքում ասաց. «Արտաշես Քալանթարյանը կարող էր այսօր ներկա գտնվել այս հիշարժան ու գեղեցիկ, բովանդակալից երեկոյին, բայց…: Այս բայց բառը ինձ միշտ սարսափեցրել է: Հայոց լեզվի բառարանում երևի ամենադրամատիկ բառերից է, որից մեզանից ոչ ոք ձերբազատված չէ»:
Նրա բնորոշմամբ, Արտաշես Քալանթարյանը 1960-70-ականների լավագույն գրողներից մեկն էր՝ վիպասան, հրապարակախոս, դրամատուրգ, ժուռնալիստ, ֆելիետոնիստ:
«Երեք մեծ երգիծաբան ունենք՝ Հակոբ Պարոնյան, Երվանդ Օտյան և Լեռ Կամսար: Կարծում եմ՝ Քալանթարյանի երգիծանքը բխում է Լեռ Կամսարի դպրոցից՝ շատ սրամիտ, կյանքային, մատը ժամանակի զարկերակի վրա: Դժվարանում եմ ասել, թե ով է այդ տարիների գրողներից այդքան կյանքային: Հիանալի ճանաչում էր մարդկանց, լավ գիտեր իրականությունը: Նրա գրականությունը, երգիծանքը լայն արձագանք էր գտնում:
Լավ առումով նրանից վախենում էին, որովհետև սրամիտ էր, մերկացնող, իրականության հոռի բարքերը նրա գրչի տակ դատապարտվում էին, զգուշանում էին նրանից: Բայց ինչպես լուսանկարներում ենք տեսնում՝ բարի մարդ էր, շատ գեղեցիկ, ինչքան գեղեցիկ աչքեր ունի»,- իր խոսքում ասաց Ն. Ադալյանը:
Նշենք, որ Ներկայցման մեջ խաղում են ՊՀԹ-ի առաջատար դերասաններ Արտաշես Շահվերդյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթևոսյանը, Մարիետա Նազարյանը և ուրիշներ: Ներկայացմանը մասնակցում են նաև թատրոնի երիտասարդ դերասաններ:
Հանդիսատեսը մեծ բավականություն էր ստացել ներկայացումից: Ասում էին՝ և բեմադրությունը, և դերասանական խաղը, և, իհարկե, հենց պիեսը, հիանալի էին:
Լուսանկարները՝ Մարատ Յավրումյանի:
Հարակից հրապարակումներ`
- «Արտաշես Քալանթարյանն ապացուցել է, որ իրեն «ալիբի» պետք չէ»
- Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
- «Քալանթարյանի ամեն մի ֆելիետոնը դառնում էր նախարարների, շրջկոմի քարտուղարների հրաժարականի պատճառ»