Տիգրան Մուկուչյան. Էջմիածնում քվեարկությունը չի հետաձգվի
Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին նախատեսված քաղաքապետի ընտրությունների քվեարկությունը չի հետաձգվի: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի պատճառով Էջմածնում քաղաքապետի ընտրությունները հետաձգվեն:
«Ընտրական օրենգրքով՝ ընտրության քվեարկությունը չեղարկելու, հետաձգելու որևէ հիմք նախատեսված չէ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց գործառույթները պարտավոր են իրականացնել բացառապես Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Նա ընդգծեց, որ նման պայմաններում Ընտրական օրենսգրքում չկա ամրագրված որևէ հիմք, որը հնարավորություն կտար Ընտրատարածքային Ընտրական հանձնաժողովին կամ նրա վերադաս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին որոշում կայացնելու և քվեարկությունը կասեցնելու, տեղափոխելու վերաբերյալ:
«Նման ինստիտուտ նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ քվեարկության օրվա փոփոխություն չի կարող տեղի ունենալ»,-ասաց նա:
Մուկուչյանն նշեց, որ քվեարկության օրվա հետաձգելու վերաբերյալ միջազգային պրակտիկայի ուսումնասիրություն չի եղել. «Նոր օրենսգրքում էլ նման կանոնակարգումներ չկան: Ցանկացած միջադեպի՝ ընտրությունների վրա ունեցած ազդեցությունը գնահատվում է արդյունքների գնահատման տեսանկյունից: Արդյունքների ամփոփման ժամանակ ցանկացած միջադեպ դառնում է հանձնաժողովների քննության առարկա, դրանով արդեն ամբողջական գնահատական է տրվում ընտրությանը»:
Անդրադառնալով միջադեպին, ԿԸՀ նախագահը դատապարտելի համարեց բռնության ցանկացած դեպք, անկախ այն բանից, թե ում նկատմամբ ու ինչ հանգամանքներով պայմանավորված է այն տեղի ունենում. «Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է ու դատապարտելի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան