Մարդկային 50 պատմություններ՝ «Միգրացիայի ուղիները» ֆոտոցուցահանդեսում
Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում այսօր բացվեց «Միգրացիայի ուղիները» ֆոտոցուցահանդեսը: Լուսանկարների հեղինակներն են հայ հայտնի լուսանկարիչներ՝ Վիգեն Մնոյանը և Գերման Ավագյանը:
ԵՄ-ի կողմից ֆինանսովորվող ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի գլխավոր նպատակն է միգրացիայի խնդիրների մասին հանրային իրազեկման և ընկալման բարձրացումը, ԶԼՄ-ների և հասարակության շրջանում միգրացիայի վերաբերյալ կարծրատիպերի վերացումը:
Լուսանկարներում պատկերված են մարդկային 50 պատմություններ:
Լուսանկարների հերոսները աշխատանքային միգրանտներն են, Սիրիայի փախստականներ և հայրենադարձներ, ովքեր կյանքի բերումով բնակվում և աշխատում են Հայաստանում:
Լուսանկարները ներկայացնում են այդ մարդկանց կյանքը՝ Հայաստանում հաստատվելուց հետո: Ֆոտոցուցահանդեսի շրջանակներում ներկայացված մարդկային պատմությունների միջոցով Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը փորձ է անում վեր հանել միգրացիայի ոլորտում առկա մի շարք խնդիրներ, այն է՝ փախստականներն ու ապաստանը, միգրանտների ինտեգրումը և վերաինտեգրումը և այլ արդիական հարցեր:
ԵՄ երևանյան գրասենյակից մանրամասնում են, Վիգեն Մնոյանը 14 ֆոտոցուցահանդեսների հեղինակ է: Իր նախկինում արված աշխատանքների թեմաներն էին սոցիալապես անապահով մեծահասակները, ծեր նկարիչները, պատերազմի վետերանները և Հայաստանի ու օտար երկրների երեխաների խնդիրները: Վիգեն Մնոյանը «Հայկական լուսանկարչության ազգային ասոցիացիայի» փոխնախագահն է և Երևանում FIAF-ի ներկայացուցիչը:
Գերման Ավագյանը լուսանկարիչ է, ով իր կյանքը, ջանքերը և արվեստը նվիրել է հայ հասարակությանը: Նրա «Հոգեբանական առողջություն», «Մահաբեր խաղալիքներ» և «Գողացված մանկություն» լուսանկարչական աշխատանքները տեղ են գտել ոչ միայն տեղական այլ նաև արտասահմանյան մամուլում: