Կրակոցներ Էջմիածնում՝ քաղաքապետի ընտրություններին «ընդառաջ»
Սեպտեմբերի 16-ին ուշ գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել: «Առաջին լրատվականը» տեղեկացնում է, որ Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:
Ըստ լրատվամիջոցի՝ կրակոցները արձակվել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից:
Panorama.am-ի տեղեկություններով՝ Կարեն Գրիգորյանը այդ պահին Էջմիածին էր վերադարձել Երևանից, որտեղ հյուրընկալվել էր «Ուրվագիծ» հաղորդմանը:
Ոստիկանությունից Panorama.am-ին հաստատեցին, որ հնչել են կրակոցներ և կա վիրավոր՝ նշելով, որ այս գործով այժմ զբաղվում է քննչական կոմիտեն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրին, որ մյուս թեկնածուն՝ Արթուր Թումանյանը, ում անունը շրջանառվում է միջադեպում, տեղափոխվել է Նյարդաբանական բաժանմունք: Այլ տեղեկություններ չփոխանցեցին:
Թեկնածու Կարեն Գրիգորյանի մամուլի խոսնակը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: