Էլիու Ռիխտեր: Մինչև չվերացվի ատելության քարոզչությունը, խաղաղություն չի կարող հաստատվել
Ատելության խոսքը և հրահրումը (hate speech and incitement) հայերի հանդեպ, որը մեծ մաշտաբներով տարածվում է Ադրբեջանում պետական մակարդակով հանդիսանում է անմիջական ֆիզիկական սպառնալիք հայության համար, և քանի դեռ այդ երկրում առկա է այդ քարոզչությունը ոչ մի համաձայնագիր չի կարող խաղաղություն հաստատել կողմերի միջև:
Ատելության խոսքի և հրահրման թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է իսրայելցի մասնագետների՝ Ցեղասպանության կանխարգելման Երուսաղեմի կենտրոնի համահիմնադիրներ Էլիու Ռիխտերի և Թամար Պիլեգիի հետ, ում հետազոտություններն այս թեմայով ցույց են տվել, որ ատելության խոսքը շատ հաճախ ուղղակիորեն հանգեցնում է բռնությունների և որ այն դասվում է ցեղասպանությանը նպաստող ամենաէական նախադրյալների շարքին: Նրանց կարծիքով ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է վերացնել և խստորեն պատժել ատելության ցանկացած դրսևորում:
Պրոֆեսոր Ռիխտերի խոսքով` ցեղասպանության հրահրումը հիմնականում դրսևորվում է հետևյալ կերպ – թիրախ խմբի ներկայացուցիչներին ներկայացնում են որպես կենդանիների, որոնք զուրկ են մարդկային հատկանիշներից, որպես խումբ, որը մեծ վտանգ է ներկայացնում հասարակության համար և որի ոչնչացումն արդարացված է հասարակության բարօրության համար:
«Օրինակ թուրք բժիշկներն առաջատար դեր են ունեցել 1915թ-ի Հայոց ցեղասպանության կազմակերպման մեջ, քանի որ նրանք համոզված էին, որ հայերը վտանգ էին ներկայացնում թուրք հասարակության համար և հետևաբար նրանց բնաջնջումն արդարացված էր», - ասում է Ռիխտերը` հղում անելով այս թեմայով իր հետազոտությանը:
Ըստ նրա` հրահրման և ատելության խոսքի բաղադրիչներ են նաև թիրախ խմբի պատմության աղավաղումը, նրանց մասին բացասական և սուտ տեղեկությունների տարածումը, ինչպես նաև անցյալում տեղի ունեցած ցեղասպանության ժխտումը: Հրահրոււմը կարող է նաև դրսևորվել տվյալ խմբին ոչնչացնելու անմիջական հրահանգներով, այդ խմբի անդամներին սպանողներին ու հալածողներին հերոսացնելով և այլ ձևերով:
Պրոֆեսոր Ռիխտերը, ով մասնագիտությամբ բժիշկ-համաճարակաբան է, կիրառել է համաճարակաբանության մեթոդաբանությունը ատելության խոսքը չափելու և ցեղասպանություններն ուսումնասիրելու համար: Չափելով ատելության խոսքի առանձին դրսևորումները և դրանց ինտենսիվության աստիճանը նրանք կարողանում են կանխորոշել բռնությունների հավանականությունը: «Այդ մեթոդով կարելի է կանխորոշել ցեղասպանությունը և հետևաբար կանխարգելել այն», - ասում է Ռիխտերը:
«Արդեն հայտնի փաստ է, որ հրահրումն ու ատելության խոսքը 100%-ով հանդիսանում են ցեղասպանությանը նպաստող առաջնային գործոնները, բայց այս կարևոր հանգամանքին համապատասխան ուշադրություն չի դարձվում: Պարզապես աններելի ու հանցավոր է այս երևույթն անտեսելը և դրան լուրջ չվերաբերվելը: Միջազգային հանրությունը պետք է համապատասխան մեխանիզմներ ստեղծի ատելության խոսքը կանխելու և մեղավորներին պատժելու համար», - ասում է Թամար Պիլեգին:
Զրուցակիցներն ընդգծեցին, որ միջազգային իրավունքի համաձայն ատելության խոսքը դատապարտվում է որպես հանցագործություն, սակայն հայտնեցին իրենց մտահոգությունն առ այն, որ չնայած Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եվ պատժելու մասին կոնվենցիայի առկայությանը, մինչ օրս միջազգային հանրությունը չունի գործող մեխանիզմ այդ երևույթների կանխարգելման ու պատժման համար:
Ինչ վերաբերում է հակամարտություններին, ապա Ռիխտերի և Պիլեգիի համոզմամբ` հակամարտությունները չեն կարող երկարատև լուծում ունենալ քանի դեռ ատելության խոսքն ու քարոզչությունը ընդունված նորմ է հակամարտող երկրներում: «Անգամ այսպես կոչված տնտեսական խաղաղությունը չի կարող կանխել ատելության խոսքի վտանգավոր հետևանքները», - վստահեցնում են նրանք:
Այն հարցին, թե ինչպես պետք է պայքարել ատելության խոսքի և քարոզչության դեմ, զրուցակիցները պատասխանեցին, որ այդ երևույթը հիմնովին արմատախիլ անելու համար պետք է երկարատև ու հետևողական աշխատանք տարվի հասարակության բոլոր շերտերի հետ, քանի որ ատելությունը որպես կանոն փոխանցվում է սերնդից սերունդ: Ուսումնասիրելով հրեաների հանդեպ ատելության դրսևորումները Իրանում նրանք հանգել են նաև այն եզրակացության, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները նպաստում են ատելության քարոզչության նվազմանը – այն ժամանակահատվածում, երբ Իրանի հանդեպ կիրառվում էին պատժամիջոցներ, արձանագրվել է ատելության քարոզչության նվազում, իսկ երբ պատժամիջոցները վերացվել են, ատելության քարոզչության նոր ալիք է արձանագրվել: Նրանց հետազոտությունը նաև ցույց է տվել կապ զենքերի արտադրության և ատելության խոսքի միջև - որքան ինտենսիվ էր ընթանում Իրանի միջուկային հարստացման ծրագիրը, այնքան ավելի ուժեղ էր ատելության և ագրսիայի հրահրման ալիքը և կահառակը: Նրանք գտնում են, որ տնտեսական պատժամիջոցները կարող են դիտարկվել որպես ատելության խոսքի դեմ պայքարելու արտաքին արդյունավետ միջոց:
Պրոֆեսոր Ռիխտերը նշեց նաև, որ պետք է խստորեն դատապարտվի երրորդ կողմի անտարբրությունը և պասիվ դիտորդի կարգավիճակը` ասելով, որ նրանց անգործունեությունը մեծապես նպաստում է ցեղասպանության իրականացմանը:
«Երրորդ կողմի դիրքորոշումը մասայական հանցագործությունների հանդեպ միշտ որոշիչ դեր ունի, քանի որ կազմակերպիչները, ովքեր հաճախ բարձրաձայնում են իրենց մտադրությունների մասին, մեծ ուշադրություն են դարձնում այս հանգամանքին: Աշխարհը, այդ թվում մեծ տերությունները` ի դեմս ԱՄՆ-ի, պասիվ դիտորդի դերում են եղել Հայոց ցեղասպանության, Ռուանդայի և այլ ցեղասպանությունների ժամանակ: Նրանք մինչև հիմա էլ նույն դերում են: Այս դրվածքը պետք է փոխվի, այնպես որ մեղավորներին պատժելը լինի պարտադիր նորմ, այլ ոչ թե թողնվի յուրաքանչյուրի հայեցողությանը: Անգործունեությունը հանցավոր է, երբ խոսքը գնում է նման երևույթների մասին», - ասում է Ռիխտերը:
Նա նաև դատապարտում է այն, որ Իսրայելը մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև այն փաստը, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, որտեղ առկա է հայատյացությունը և որը այդ զենքն օգտագործում է հայերի դեմ:
Նշենք, որ ատելության խոսքի թեման արդիական է հայության համար, քանի որ այն ատելությունը հայերի հանդեպ, որ առկա է ներկայումս Ադրբեջանում` պետական, կրթական, գիտական, լրատվական, հասարակական և այլ ինստիտուտներում, հայի` որպես ոխերիմ թշնամու կերպարի քարոզչությունն ու հայի սպանության արդարացումը, ինչը երևաց Ռամիլ Սաֆարովի հերոսացման և ապրիլյան պատերազմի օրինակով, կարող է որակվել որպես ցեղասպանության հրահրում պետական մակարդակով: Քանի դեռ Ադրբեջանում արմատախիլ արված չէ հայատյացությունը, բանակցային որևէ լուծում չի կարող հանգեցնել խաղաղության:
Էլիու Ռիխտերը դասավանդում է Երուսաղեմի հրեական համալսարանում: Նա ցեղասպանության ու ատելության խոսքի թեմայով մի շարք հրապարակումների հեղինակ է:
Թամար Պիլեգին The Times of Israel պարբերականի լուրերի բաժնի խմբագիրն է:
Զրուցեց՝ Նվարդ Չալիկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան