Շատ ավելի արդյունավետ է, եթե մենք մեր գործն անենք. Արծվիկ Մինասյան
Այն հիմնական խնդիրները, որոնք վարչապետը բարձրաձայնում է, այդ խնդիրների լուծմանն ուղղված, նաև՝ բավական լուրջ առաջարկներ, մենք պատրաստվում ենք անել,- լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով կառավարության նիստում ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցած երկխոսությանն ու դրանից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքին, թե՝ «պետք է զերծ մնալ շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից», վերաբերող հարցերին:
Ըստ Ա. Մինասյանի խոսքի՝ իր համար սկզբունքային նշանակություն ունի, որ անկախ նրանից՝ ով է կառավարության անդամը, շատ ավելի արդյունավետ է, եթե ձևավորվի այնպիսի համակարգ, որը ծառայի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:
«Պատրաստ եմ այդ հարցով ամեն ինչ անել, միայն թե կարևորը մեր տնտեսությունն անհրաժեշտ մրցունակությունը ունենա և բոլոր նախաձեռնությունները նպատակաուղղված լինեն ընդհանուր զարգացմանը»,- նշեց նա:
Հարցին՝ արդյո՞ք համաձայն եք Ա.Ռուստամյանի բնորոշմանը, թե՞ իսկապես վարչապետը միտում ուներ ձեր առջև բարձրացնել էկոնոմիկայի նախարարության խնդիրները, Ա. Մինասյանն ասաց. «Շատ ավելի արդյունավետ է, եթե մենք մեր գործն անենք, գնահատականը քաղաքականության հարթության մեջ գնահատական է: Ես չեմ ուզում անդրադառնալ որևէ նման մոտեցումների, որովհետև ինձ համար սկզբունքային նշանակություն ունի հետևյալ հարցը. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որտեղ տնտեսական բաղադրիչն էական դեր է խաղում: Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, պատասխանատու եմ այդ բաղադրիչը կառավարության կաբինետի կազմում իրականացնել: Հետևաբար, ցանկացած գործողություն, որը մեր երկու կուսակցության, Հանրապետության նախագահի գնահատմամբ դուրս կլինի այդ համակարգից, կարող է նաև հնչել կոնկրետ ինձ ուղղված գնահատական»:
Հարակից հրապարակումներ`
- Ես զերծ կմնայի այդպիսի արտահայտությունից. Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի մասին
- «Չե ՛մ հավատում». Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան